Home / Հայաստան / Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը Epress.am-ից պահանջել է հանել տեսանյութը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը Epress.am-ից պահանջել է հանել տեսանյութը

Աշխատանքային օրվա վերջին Epress.amի թիմը որոշել է անդրադառնալ առավոտյան տեղի ունեցած զրույցին` կարևոր համարելով դրա բովանդակության հրապարակումը:

Այսօր առավոտյան Epress.am-ի խմբագրություն է զանգահարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը և պահանջել է կայքից հանել երեկ տեղադրված տեսանյութը, որում ռազմական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը քնում է Ազգային ժողովում:

Կարապետյանը կոպիտ տոնով ասել է. «Դա անշնոհրքություն է, պաշտպանության նախարարը 20 ժամ աշխատում է և կարող է հոգնած լինել: Հենց հիմա վիդեոն հանեք»:

Epress.am-ի աշխատակիցը չի հերքել պաշտպանության նախարարի հոգնած լինելը, բայց մերժել է խոսնակին և նշել, որ Կարապետյանն իրավունք չունի նման  պահանջ ներկայացնել լրատվամիջոցին:
«Բանակը ձեզ նմաններին էլ է պաշտպանում: Հիմա ասեք` հանո՞ւմ եք, թե՞ ոչ», – հարցրել է Կարապետյանը:

Լրագրողը տեղեկացրել է ՊՆ ներկայացուցչին, որ զրույցի բովանդակությունը կարող է հրապարակվել:

«Կարող եք գրել, որ Կարապետյանը զանգեց, ասաց, որ դա անշնորհքություն է, բարձր տոնով ասաց», – նշել է պաշտոնյան:

Նրան ասվել է, որ այլևս նման պահանջներով խմբագրություն չզանգի:

«Ես էլ չեմ զանգի, ուրիշները կզանգեն», – ասել է Կարապետյանը:

Այն հարցին, թե արդյոք ինքը սպառնում է, Կարապետյանը պատասխանել է. «Ձեր հարազատները ձեզ կզանգեն»:

Լրագրողը ևս մեկ անգամ հարցրել է, թե արդյոք Կարապետյանի ասածը կարելի է որպես սպառնալիք ընկալել, ինչին Կարապետյանը պատասխանել է. «Չէ, սպառնալիք չէ»: