Home / Հայաստան / Փաստաբանների պալատը փորձում է հաճոյանալ Վովա Գասպարյանին. կարծիք

Փաստաբանների պալատը փորձում է հաճոյանալ Վովա Գասպարյանին. կարծիք

Ոստիկանության և փաստաբանների պալատի միջև երեկ ստորագրված համագործակցության հուշագրով փաստաբանները  դադարեցնում են իրենց պայքարը «ջեբի փաստաբանների» ինստիտուտի ստեղծման դեմ և, հակառակը, սկսում են նպաստել դրա ստեղծմանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել  է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Հիշեցնենք, որ  համագործակցության համաձայնագիրը երեկ ստորագրել են Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Ըստ համաձայնության` այս երկու  մարմինները համատեղ ստեղծվելու են վեց անդամներից կազմված արագ արձագանքման հանձնախումբ և մոնիտորինգ անցկանող խումբ:

Միքայել Դանիելյանը անտրամաբանական է համարում համագործակցությունն այդ երկու մարմինների միջև` այս համաձայնության միակ բացատրությունը համարելով այն, որ այսպիսով Ռուբեն Սահակյանը փորձում է հաճոյանալ Վովա Գասպարյանին:

«Ես նման բան չեմ հիշում պատմության մեջ, որ այդքան անօրինությունները անող ոստիկանները և նրանց անօրինականությունների դեմ պայքարող փաստաբանները  միասին աշխատեն: Ես չեմ հասկանում նաև, թե ում պետք է մոնիտորինգի ենթարկեն, ինչպես պետք է աշխատի այդ արագ արձագանքման խումբը, ջեբի փաստաբանների՞ն  պետք է բռնեն»,- ասել է Միքայել Դանիելյանը:

Նրա խոսքով` ննան համաձայնություն ստորագրելուց առաջ փաստաբանների պալատը առնվազն պետք է քննարկում կազմակերպեր:

Ոստիկանության և փաստաբանների պալատի համաձայնության մասին Epress.am-ը զրուցել է Հովիկ Արսենյանի հետ, ով ողջունել է ծրագիրը` ասելով, որ ցանկացած երկխոսությունը դրական է: Նա տեղեկացրեց, որ այս համագործակցությունը այնպիսի որոշում չէ, որ պետք է դրվեր փաստաբանների պալատում քվեարկության:

Փաստաբան Հայկ Ալումյանը Epress.am-ի հետ խնդրանքով նույնպես մեկանբանել է համաձայնագիրը` ասելով ինքը փաստաբանների պալատի խորհրդի անդամ է, բայց տեղյակ չի եղել համագործակցությունից և փաստաբանների շրջանում այն չի քննարկվել:

«Այն, որ չի քննարկվել, փաստ է: Այս համագործակցության համաձայնագիրը միայն ձևական` դեկլարատիվ բնույթ է կրում, բայց երկու կողմին էլ ոչ մի բանում չի պարտավորեցնում»,- ասել է Հայկ Ալումյանը: