Գլխավոր / Հայաստան / Բաքուն 75 տարի հայերին վտարում էր Ղարաբաղից. ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար

Բաքուն 75 տարի հայերին վտարում էր Ղարաբաղից. ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար

Փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական և ձեռնարկչատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական մի հատվածը, հարկադրաբար ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Լեռնային Ղարաբաղի խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ գտնվելու ամբողջ 75 տարիների ընթացքում Բաքուն իրականացնում էր բնիկ հայ բնակչությանը երկրից վտարելու քաղաքականությունը»,- նշել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Վասիլի Աթաջանյանը նշել է պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը, որը փաստորեն խափանում է բանակցային գործընթացը: Նրա խոսքով` առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը:

Վասիլի Աթաջանյանը պատասխանել է հյուրերի հարցերին` կապված տարածաշրջանային գրրծընթացների, ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ: Պատվիրակության անդամները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով ԼՂՀ -ում ծրագրերի իրականացման համար:

Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և պատվիրակության անդամներին, ինչպես նաև այցի կազմակերպչին` Եվրոպայի Հայկական Միությունների համաժողովի նախագահ` Աշոտ Գրիգորյանին, ղարաբաղյան ժողովրդի արդար պայքարի հետևողական և բաց աջակցության համար, նրանց հանձնելով  հուշանվերներ: