Գլխավոր / Հայաստան / Եթե Ալիևն էլ ընտրակաշառք բաժանի, հեշտությամբ կդառնա Հայաստանի նախագահ. Մեսրոպյան

Եթե Ալիևն էլ ընտրակաշառք բաժանի, հեշտությամբ կդառնա Հայաստանի նախագահ. Մեսրոպյան

Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո տպավորություն է ստեղծվել, որ եթե նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը որոշի ամեն մի հայի 100 կամ 200 դոլար ընտրակաշառք բաժանել, հեշտությամբ կդառնա Հայաստանի նախագահ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի լրատվության և քարոզչության հարցերի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը:

Հիշեցնենք, որ  Հրազդանում երեկ տեղի ունեցած ընտրություններում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ  Դանիելյանը հավաքել է 13079 ձայն, իսկ ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը՝ 11 506 ձայն:

Նշենք, որ Սասուն Միքայելյանի թիմը բարձրաձայնում է այն մասին, որ Արամ Դանիելյանը ընտրակաշառքներ բաժանելով և մարդկանց ահաբեկելով է ստացել այդ ձայները:

Մեսրոպյանի խոսքով` երեկ տեղի ունեցավ այն, ինչ տարիներ շարունակ Հայաստանում տեղի է ունենում ընտրությունների ժամանակ:

«Հիմնականում  վարչական լծակների ճնշման ներքո և հիմնականում ընտրակաշառքի  ազդեցության տակ հասարակության ընտրողների մի զգալի հատված ընտրում է այն մարդուն, որը իրականում լուրջ արժանիքներ չունի  այդ պաշտոնը զբաղեցնելու համար, այլ զուտ իր հանապազօրյա հացի  համար առանց երկար բարակ մտածելու էդ օրը ստանում է ընտրակաշառքի տեսքով: Ամենասարսափելին այն է , որ որերորդ անգամ տեղի ունեցած փաստը մեզ ապացուցում է մի բան, որ հասարակության քաղաքական իմունիտետն այնքան է  փոքրացել կամ վատացել, որ մարդիկ ուղղակի  առանց որևէ բանի պարտվում են փողին: Խոսքը բացարձակ մեծամասնության մասին չէ, որովհետև այստեղ նաև արժանապատիվ պայքար ենք տարել, հավաքել ենք 11 500 ձայն  և դա եղել է  շտաբի քրտնաջան և շատ  լավ աշխատանքի արդյունքում, լրագրողների, վստահված անձերի, շտաբի պետերի և  ընդհանուր մեր թիմի փայլուն աշխատանքն է դա եղել»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը:

Նրա խոսքով` հասարակությունն այսօր կաթվածահար և երկփեղկված է, և երեկ Հրազդանում ակտիվություն ցուցաբերեց այն հատվածը, որը իրապես հասկանում է երկրի խնդիրները, ապրում է երկրի, հայրենիքի առօրյայով:

«Իսկ այն հատվածը, որն այսօր պարալիզացված է ու չի ուզում խառնվի քաղաքականությանը, չնայած ընտրատեղամաս գնալը դա քաղաքականություն չէ, դա քաղաքացիական պարտք է, որը պիտի ամեն մարդ հասկանա ու կատարի, էդ հատվածը սպասեց  5000 դրամներին ու ընտրեց գործող քաղաքապետին», — ասել է Մեսրոպյանը:

Նա վստահեցրել է, որ սրանով կյանքը չի վերջանում, և իրենք լուրջ մարտահրավերներ ունեն  քաղաքական առումով` առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասով:

«Ունենք ձևավորված ուժեղ, լուրջ, գաղափարական սկզբունքային թիմ, մեկս մյուսին շատ լավ ճանաչում ենք, սիրում, հարգում ենք: Մենք նյութական արժեքներից ելնելով չէնք հավաքվել  այս տարիների ընթացքում: Լուրջ պայքարի բովով անցած  մարդիկ են, չեմ կարծում, որ տենց  ինչ-որ հիասաթափություն կամ հուսալքություն պետք է լինի շարքերում: Միանշանակ պայքարելու ենք ու հասնելու ենք  այն բանին, որ մենք ինքներս ինքնազատագրվելու, ինքնահաստատվելու, մեր երկրին տեր կանգնելու խնդիր ունենք»,- ասել է Մեսրոպ Մեսրոպյանը: