Գլխավոր / Հայաստան / Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի վիրահատությունը հաջող է անցել

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի վիրահատությունը հաջող է անցել

Այսօր առավոտյան Երևանի Ա. Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում վիրահատել են մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին:

Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը նշեց, որ վիրահատությունը սկսվել է 11:10-ին և տևել է մոտ երեք ժամ: Այժմ հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:

«Մեր ախտորոշումը ճիշտ էր` բերանակցման շրջանում նորից ուռուցք էր առաջացել: ԱՄՆ-ում, երբ նրան վիրահատել էին, ուռուցքը հեռացրել էին և բարակ աղիքը միացրել հաստ աղիքի լայնական հատվածին: Այդ հատվածում նորից ուռուցք էր առաջացել, որն էլ հեռացվեց, և բերանակցում կատարվեց»,- ասաց Օ. Մելքոնյանը:

Բժիշկը նշեց, որ այժմ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և վաղը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի պալատ: Իսկ թե երբ կարող են դուրս գրել հիվանդանոցից, պատասխանեց. «Սովորաբար այդպիսի հիվանդներին, եթե բարդություններ չեն առաջանում, պալատում պահում ենք 10-12 օր: Այնուհետև կարող ենք դուրս գրել»:

Բժիշկը նշեց նաև, որ վիրահատությունը շատ լավ է կատարվել, և բարդություններ, ամենայն հավանականությամբ, չեն լինի: