Home / Հայաստան / ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել փետրվարի 12-ի ընտրությունների արդյունքները

ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել փետրվարի 12-ի ընտրությունների արդյունքները

Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

Համաձայն օրենքի վերոհիշյալ դրույթի` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»: ՀԱԿ-ը նշում է, որ փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը և ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար:

«Այս իրողությունը արձանագրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչների կողմից դեռ փետրվարի 11-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցած նիստերի ժամանակ, որի կապակցությամբ Սասուն Միքայելյանը դիմել է վարչական դատարան: Վարչական դատարանը անհեթեթ հիմնավորումներով մերժել է Սասուն Միքայելյանի հայցի բավարարումը՝ հղում կատարելով Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներին, մինչդեռ անցումային դրույթները որևէ կերպ չեն անդրադառնում 66-րդ հոդվածի 4-րդ կետում առկա իմպերատիվ բնույթ կրող պահանջների կատարման վրա:

Այսպիսով, իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները: Իշխանությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները, երբ իրական վտանգ է ստեղծվում իրենց իշխանության վերարտադրման համար», – նշում են հայտարարության հեղինակները:

Հայ ԱզգայինԿոնգրեսը հայտարարության մեջ «դատապարտում է ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում և պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին»:

«Միևնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին և իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի և Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական և ընդդիմադիր քաղաքական ուժերին և նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում,  գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս հանցագործությունից հետո իր աջակիցները և հասարակությունը առավել համախմբված կպայքարեն ընտրակեղծարարության վրա հիմնված ռեժիմի դեմ և, օգտագործելով համաժողովրդական Շարժման վերջին 4 տարվա ընթացքում ստեղծված արդյունավետ կառույցները և քաղաքացիական հասարակության ակտիվությունը, մոտ ապագայում վճռորոշ ձեռքբերումներ կգրանցեն ժողովրդավարության հաղթանակի ճանապարհին», – եզրափակում են հայտարարության հեղինակները: