Home / Հայաստան / Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել

Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Այս մասին ասված է 2012թ. փետրվարի 12-ով թվագրված և այսօր տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկ ես դիմում եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։ Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։

Լինելով «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար 1998 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից և այդ պաշտոնում աշխատել է տասը տարի` հեռանալով համակարգից 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: 2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում ցրեցին ընդդիմության հանրահավաքը, Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, ով մամուլի ասուլիսով հանդես եկավ` բացատրելով իշխանությունների դիրքորոշումը:

2011 թվականի փետրվարին նա բացատրել է իր քայլը` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ մարտի 1-ի համար իրեն մեղավոր չի համարում:

«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել է Օսկանյանը: