Home / Հայաստան / Խոստանում են ցույց տալ փաստաթղթերը. պաշտպանվող այգում լարված իրավիճակ է

Խոստանում են ցույց տալ փաստաթղթերը. պաշտպանվող այգում լարված իրավիճակ է

Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմացի այգում մեծ թվով մարդիկ են հավաքվել, որոնք աջակցում են այգին պաշտպանող բնապահպաններին: Վերջիններս շուրջ մեկ շաբաթ պայքարում են այգում իրականացվող շինանարության դեմ: Այստեղ շինարարները փորձում են տեղադրել Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները, իսկ ակտիվիստները խոչընդոտում են շինարարների աշխատանքին:

Առավոտյան ակտիվիստները փորձել են ցելոֆան ամրացնել ձնից պաշտպանվելու համար, սակայն ոստիկանները թույլ չեն տվել դա անել, ինչը վեճի առիթ է դարձել: Առավոտյան այգում գտնվող բողոքողների թիվն աճել է` հասնելով մոտ 50-ի. նրանց այս պահին աջակցում են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոտանջյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Դեպքի վայր են ժամանել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այս ընթացքում շինարարները փորձել են սկսել աշխատանքները, սակայն ակտիվիստները թույլ չեն տվել դա անել` նշելով, որ շինարարությունն ապօրինի է: Շինարարների խոսքով` իրենք ունեն շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այժմ ակտիվիստները սպասում են, որ այդ փաստաթղթերն իրենց ցույց տան:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս բողոքողներին խոստացել է, որ շինարարությունը չի շարունակվի, մինչ հատուկ ստեղծված հանձնաժողովը չի քննարկել այդ հարցը:

Բողոքի ակցիայի մասնակից «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք իրենց այդպես էլ չի ներկայացվել, և Տարոն Մարգարյանի և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրենց կոչ է արվել «օրենքից չխոսել»:

Նրանք ընդգծում են, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն կարողացել բացատրել` ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում:

«Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը, և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը», – ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: