Home / Հայաստան / Ով կպաշտպանի իրավաբանների իրավունքները. մտահոգ մասնագետները` նոր օրենքի դեմ

Ով կպաշտպանի իրավաբանների իրավունքները. մտահոգ մասնագետները` նոր օրենքի դեմ

Մի խումբ իրավաբաններ միավորվել են նոր օրենքի դեմ պայքարելու համար, որը, իրավաբանների խոսքով, խոչընդոտում է իրենց մասնագիտական գործունեությանը:

Խոսքը վերաբերում է անցյալ տարի դեկտեմբերին ԱԺ կողմից ընդունված Փաստաբանների մասին օրենքի հինգերորդ հոդվածում կատարված փոփոխություններին, որոնցով իրավաբանական ցանցկած գործունեություն թույլ է տրվում կատարել բացառապես փաստաբաններին: Օրենքի փոփոխությունը պահանջում է` ցանկացած իրավաբանական խորհրդատվություն  իրականացնելուց առաջ իրավաբանը պետք է անցնի փաստաբանական դպրոց` առնվազն վեց ամիս,  հանձնի քննություն և ստանա  արտոնագիր: Ի դեպ, համաձայն շրջանառվող լուրերի`  դպրոցը առաջիկա մեկ տարում չի բացվելու, և հետո` տարեկան ուսուցման արժեքը լինելու է 1500-2000 ԱՄՆ դոլար:

Բողոքողները նշում են, որ փորձառու իրավաբանների մի մեծ խումբ այսպիսով կանգնում է հացի խնդրի առջև:

Իրավաբան Վահագն Ստեփանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հարցով մտահոգ իրավաբանները որոշել են միջոցներ ձեռնարկել իրավիճակը փրկելու համար, քանզի սույն փոփոխությունը խնդիրներ է ստեղծելու ոչ միայն անհատ իրավաբանների, այլև իրավաբանական գործակալությունների և նրանց աշխատակիցների,  և վերջապես սովորական քաղաքացիների համար:

Իրավաբանները նախագահին նամակ են պատրաստել, կատարում են ստորագրահավաք:

«Այս օրենքով խախտվում է նաև մրցակցության սկզբունքը: Եթե նախկինում, օրինակ, ամուսնալուծության իրավական գործընթացը արժեր 150-200 հազար դրամ, ապա այժմ հնարավոր է փաստաբանների պալատը ընդունի կողմնորոշիչ գին, ասենք, 300.000 դրամ, որը ինքնըստինքյան կդառնա պարտադիր բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան  ամուսնալուծվել, քանի որ միայն փաստաբաններն են անելու դա»,- ասել է Վահագն Ստեփանյանը:

Նրա խոսքով` օրենքի փոփոխությունը բացասական արձագանք է առաջացրել նաև այն պատճառով, որ ընդունվել է առանց որևէ քննարկումներ, իրազեկման միջոցառումներ անցկացնելու:

«Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ և կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ»,- ասել է իրավաբանը: