Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը մեջբերեց Վազգենի խոսքը. գեներալ Մանվելը սատարեց Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանը մեջբերեց Վազգենի խոսքը. գեներալ Մանվելը սատարեց Սերժ Սարգսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) 9-րդ համագումարին:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել է, որ, ըստ կարգի, ինքը պետք է ելույթը սկսեր հետևյալ կերպ. «Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին»:

«Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա համատեղ ուղին ինձ ստիպում է այլ կերպ խոսել և ասել. Տղե՛րք,  բարո՛վ տեսանք:

Վազգենն ասում էր. «Երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումը, այն էր, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները և իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում բանակ ստեղծվի»: Անսխալ էր ասում Վազգենը: Այո՛, երկրապահը սահմանապահ չէր, երկրապահը հենց հայրենիքի սահմանն էր: Երկրապահը ծնող էր, որ իր թևերը փռեց կրակների վրա, իր մարմնով ծածկեց արհավիրքը, մինչև մեծանա ու կազմավորվի զավակը` հայոց երիտասարդ բանակը: Սեպտեմբերի 21-ին այդ բանակը հասուն երիտասարդի կեցվածքով խրոխտ անցնում էր Հանրապետության հրապարակով. ձե՛ր շնորհիվ էր անցնում, տղե՛րք, մեր բոլո՛ր տղաների շնորհիվ էր անցնում ու մեր ժողովրդի, նրա պայքարի, զրկանքների ու ոգու ամրության շնորհիվ էր անցնում:

 

Փա՛ռք ու պատիվ բոլորին. նաև նրանց, ովքեր այսօր այստեղ չեն: Եվ իհարկե տղերքին, որ ընկան մարտում, բայց շարունակում են սերունդներ ոտքի կանգնեցնել` իրենց ոգով ու իրենց օրինակով: Փա՛ռք նրանց հիշատակին:

Փա՛ռք մեր ամրության առանցքը նորոգողներին: Այդ առանցքը կերտված է այն նյութից, որից հունցված է հայի տեսակը, հայի արժեհամակարգը: Այդ առանցքը սկիզբ է առնում պատմության խորքում», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ, չլինելով քաղաքական կազմակերպություն, «Երկրապահը» մեզանում ունեցել է և ունի հասարակական և նույնիսկ քաղաքական կշիռ ու դեր:

Չթաքցնենք, Երկրապահի նկատմամբ մեզանում եղել են նաև հակասական գնահատականներ: Պատերազմից վերադարձած մարդու համար բոլոր ժամանակներում եղել են լուրջ խնդիրներ` կապված խաղաղ պայմաններին հարմարվելու-չհարմարվելու, նոր իրավիճակում իր տեղն ու դերը գտնելու հետ: Այդ խնդիրները և՛ հոգեբանական են, և՛ սոցիալական, և՛ հասարակական: Այսօր, տարիների փորձն աչքի առաջ ունենալով, կարող ենք փաստել, որ Երկրապահին մեծ հաշվով հաջողվել է լուծել այդ խնդիրը: Ավելին, Երկրապահը միշտ գտնվել է հայրենիքի զինվորին արժանի բարձրության վրա: Երկրապահ կամավորականների միության հասարակական ու քաղաքական վարքը մեզանում զգալի դրական ազդեցություն է ունեցել և այսօր էլ ունի: Նաև նրա քաղաքացիական կեցվածքով է պայմանավորվել մեր երկրի մթնոլորտը:

Ի դեմս Երկրապահի` այսօր մենք գործ ունենք պետության ու ժողովրդի ճակատագրով մտահոգ կազմակերպության հետ, որ զերծ է պատեհապաշտությունից և բոլոր առանցքային հարցերում ունեցել է և ունի հստակ սկզբունքային դիրքորոշում:

Այս դահլիճը լավագույնս է մարմնավորում մարդկային ու ազգային արժանապատվությունը: Դուք դրանով զինված մարտի եք գնացել: Դուք դրանով ապրում եք: Մենք կառուցում ենք Հայաստան, որ  պիտի մարմնավորի մեր մարդկային ու ազգային արժանապատվությունը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ստացվելու է: Պետք է հավատանք, որ ստացվի: Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել: Պի՛նդ եղեք, տղե՛րք ջան: Հաջողությու՛ն ձեզ», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ԵԿՄ ղեկավար գեներալ Մանվել Գրիգորյանը, դիմելով, Սերժ Սարգսյանին, հայտարարել է, որ երկրապահները սատարում են ՀՀ նախագահին իր բոլոր նախաձեռնություններին:

Համագումարի ընթացքում Մանվել Գրիգորյանը վերընտրվեց կազմակերպության նախագահի պաշտոնում: Նա ղեկավարում է ԵԿՄ-ն 1999 թվականից՝ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի