Home / Հայաստան / Բնապահպանը ամաչում է իշխանությունների փոխարեն. խնդրի լուծման հույս չունի

Բնապահպանը ամաչում է իշխանությունների փոխարեն. խնդրի լուծման հույս չունի

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության  ղեկավար Ինգա Զառաֆյանը հույս չունի, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում կկայացնի՝ ի օգուտ Երևանի կանաչ տարածքների պահպանության:

«Ես  ամաչում եմ մեր իշխանությունների փոխարեն, որ այսպիսի հարց նրանք չեն կարողանում  նորմալ լուծել ու ամաչում եմ նրա համար, որ  քաղաքապետարանի մոտ հավաքված  մարդկանց հետ վախեցել են դուրս գալ հանդիպման», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Զառաֆյանը:

Նրա հավաստմամբ՝  մեր իրականության պատկերն օր-օրի առավել տխուր է դառնում:

«Այն միտքը, որ  մի օր լսեինք, թե մեր քաղաքի մի որևէ կանաչ տարածք ազատվում է անօրինական շինությունից ու զավթում չի կատարվում, տեսնեինք, որ դա տեղի ունեցավ, որ նման բան եղավ, շատ կզարմանայինք:Մենք հույս չունենք, որ նոր  քաղաքապետը մի անգամ գոնե այսպիսի դրսևորում ունենա ու նման որոշում կկայացնի», – ասել է Զառաֆյանը:

Նա հավատացած է, որ  Մաշտոցի պուրակում տեղադրվող տաղավարների շուրջ բարձրացրած հարցին կարելի էր շատ քաղաքակիրթ լուծում տալ ու դրանք տեղափոխել այլ վայր՝ ազատելով այգու կանաչ տարածքները:

«Ես այնպիսի կարծիք ունեմ, որ մեր իշխանությունը զոռով ստեղծում է քաղաքացիական շարժում: Նույնիսկ այն մարդիկ , ովքեր մինչ այժմ անտարբեր էին ու չէին ուզում լսել այդ մասին, հիմա նրանք էլ չեն դիմանում: Ինչի համար, մի քանի բուտիկների, որտեղ ոչ ոք չի էլ գնա ու ոչինչ չի էլ առնի: Ես զարմանում եմ, որ գոնե այս հարցի շուրջ պետք է իրենց լավ դեմքը ցույց տային, դա էլ չկարողացան», – եզրափակել է Զառաֆյանը: