Home / Հայաստան / Ակտիվիստները որոշեցին լքել Մաշտոցի այգին. վաղը ակցիան շարունակվելու է (թարմացված)

Ակտիվիստները որոշեցին լքել Մաշտոցի այգին. վաղը ակցիան շարունակվելու է (թարմացված)

19:18 Ակտիվիստները որոշել են այսօրվա համար ավարտել ակցիան այգում և վաղը առավոտյան կրկին վերադառնալ տարածք: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է ակտիվիստներից Արմո Սաֆարյանը, իրնց որոշումը պայմանավորված է նրանով, որ այգում մոնտաժման աշխատանքները դադարեցվել են, իսկ պաշտպանիչ պատնեշները, որոնք տեղադրված էին տաղավարների շուրջ, հանվել են:

19:00 Ստյոպա Սաֆարյանը Facebook-ում գրել է. «Մարիամ Սուխուդյանը հայտնեց, որ լսել են ոստիկանների խոսակցություն այն մասին, որ ցանկանում են քրեական պատասխանատվության ենթարկել Վահրամ Սողոմոնյանին և Եղիա Ներսիսյանին` մտածելով, որ նրանք են կազմակերպիչը և նրանց հարցը լուծելուց հետո մնացածի խնդիրը հեշտ կլինի…»

18:22 Ակտիվիստները սպասողական վիճակում են, նրանք դեռևս սպասում են քաղաքապետի  որոշմանը, ըստ որի` կրպակները Մաշտոցի այգուց կտեղափոխվեն  և կտեղադրվեն այլ վայրում:

Այս պահին այգու պահապաններից մի քանիսը  երգում են հայ ազգային ազատագրական երգեր ու, շուրջպար բռնած, պարում ժամեր առաջ իրենց կողմից «ազատագրված» տաղավարում: Նրանք հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց ակցիային ու կանխել այս տարածքում կրպակների տեղադրման գործընթացը:

18:20 «Սատարում ենք Մաշտոցի այգու պաշտպաններին» ֆեյսբուքյան իրադարձության էջում ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրում  բնապահպան Մարիամ Սուխուդյանից նրանց պայքարին չմիանալու համար` իր բացակայությունը բացատրելով  ձեռքի կոտրվածքով.

«Սիրելի Մարիամ, 3 օր է` ինչ աջ ձեռքս կոտրել եմ: Այսօր նորից գիպսը հանել դրել են, և հակացուցված է մրսացնելը: Իսկ կոտրվածքն այնքան զգայուն բան է, որ ամենաանզգալի ցուրտն էլ զգում ես: Ցավում ու ափսոսում եմ, որ չեմ կարող գալ մեր պուրակ: Հոգով և սրտով ձեր հետ եմ և թեկուզ ֆեյսբուքում փորձում եմ օգտակար լինել` պատկան մարմիններին ուղղված կոչերով, հորդորներով, քննարկումներով ու նյութեր տարածելով /ըստ որում` ձախ ձեռքովՃՃՃ/: Մինչև որ անվտանգ կլինի դուրս գալը»:

18:16 Բնապահպան Մարիամ Սուխուդյանը Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Սատարում ենք Մաշտոցի այգու պաշտպաններին» իրադարձության մեջ կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, այգու պահպանման համար պայքարողներին հնարավորության դեպքում տաք սնունդով և թեյով ապահովել:

«Այս պահին Մաշտոցի այգում մարդիկ իրենց առողջության հաշվին պայքարում են այգու դեմ: Նրանք կարիք ունեն տաք թեյերի, տաք սուպերի ու ընդհանրապես տաք սնունդի: Կարող եք բերել»,- ասված է իրադարձության էջում:

18:00 Ժիրայր Սեֆիլյան. «Այսօր ուշ եմ միացել այս շարժմանը, շատ հետաքրքիր էր, 1988-ին վանկարկում էին  Ղարաբաղ, հիմա նույն տոնայնությամբ այս երիտասարդները վանկարկում  են  Երևան: Ես կարծում եմ՝  սա  շատ խորհրդանշական է, քանի որ ժամանակն է ազատագրել Երևանը»:

17:52  Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ակտիվիստների հետ զրույցում նշել է, թե իրենք անօրինականություններով պայքարում են մեկ անօրինականության դեմ:

Ակցիայի մասնակիցների մի մասը դիրքավորվել է տաղավարում ու չի պատրաստվում լքել այն: Ակտիվիստները քաղաքապետից խնդրում են ժամանակավոր թուղթ տալ, ըստ որի այգում դադարեցվում են բոլոր տեսակի շինարարական աշխատանքները:

“Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը զրուցում է ցուցարարների հետ, ովքեր նշում են, որ իրենց ակցիան խաղաղ է և իրենք ոչ մի անօրինական գործողություն չեն իրականացնում:

17:44 Չնայած ոստիկանների նշած 20 րոպեն անցել է, որևէ գործողություն դեռևս չի կատարվել: Ոստիկաններն ասել են, որ կարող են մի փոքր երկարացնել ժամանակը:

Ոստիկանների նախազգուշացումներին ի պատասխան` ակտիվիստները խոսում են այն մասին, թե “այս ամբողջ անօրինությունների մեջ ինչ օրենքի մասին է խոսքը”:

17:15 Ոստիկանները ակցիայի մասնակիցներին զգուշացնում են, որ տարածքը չազատելու դեպքում իրենք վարչական տույժի կենթարկվեն:  Բնապահպանները, սակայն, մտադրություն չունեն լքել այգին: Նրանք շարունակում են պաշտպանել տարածքը` միևնույն ժամանակ միմյանց հորդորելով չաղմկել, քանի որ կողքը ծննդատուն է:

Ոստիկանները հրաժարվել են պատասխանել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հարցին, թե հրամանին չենթարկվելու դեպքում կոնկրետ ինչ տույժ է սպառնում ակտիվիստներին:

17:05 Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը 20 րոպե ժամանակ է տվել  Մաշտոցի այգու պաշտպաններին և  հաղորդել կամովին դուրս գալ շինհրապարակից: Նա հայտնել է, որ հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված միջոցներ կձեռնարկի՝  տարածքն ազատելու համար։

Չնայած ոստիկանության պահանջներին՝ հանրային այգու պաշտպանները չեն պատրաստվում ազատել տաղավարը: Նրանք՝ ուս-ուսի տված, երգում են ՀՀ օրհներգը:

Այս պահին  Մաշտոցի  պուրակում  մի խումբ  բնապահպան-ակտիվիստներ, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ և  մի շարք ՀՀ քաղաքացիներ «գրավել են»  այգու շինհրապարակն ու արգելել են շինարարներին շարունակել աշխատանքները:

«Քաղաքպետարանից վերադառնալով` մարդիկ  մտել են տաղավար ու ստիպել շինարարներին դադարեցնել ապօրինի շինարարությունն ու Քաղաքաշինության նախարարություն հայտարարություն են տվել այն մասին, որ խախտվում են քաղաքաշինական մի շարք օրենքներ ու պահանջել, որպեսզի ներկայայցուցիչը գա ու արձանագրի այդ  փաստը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝  իրենք մուտք են գործել այգի, իսկ ոստիկաններն ու բանվորները մի կողմ են քաշվել, ինչի արդյունքում էլ իրենք կարողացել են «գրավել» իրենցից օրեր առաջ խլած  տաղավարը:

«Նրանք չդիմադրեցին, մենք  էլ ներս մտանք, հետո եկավ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ու ցուցարարների հետ առանձին բանակցություններ էր վարում՝ տաղավարը լքելու հարցի շուրջ», – պատմել է ակտիվիստը:

Այս պահին թվով 100 ակտիվիստներին են միանում մի շարք քաղաքացիներ, հայտնի մարդկանց խմբեր:

«Այս  պահին այգում է Րաֆֆի Հովհաննիսյանը ու զրուցում է ցուցարարների հետ», – պատմել է Ապրես Զոհրաբյանն  ու ընդգծել, որ այս պահին այգում երգ ու պար է, դադարեցված  շինարարական աշխատանքների արդյունքում բանվորները տուն են գնացել, իսկ ակցիայի մասնակիցները նշում են տաղավարի «գրավումը»:

Այսօր ժամը 13,00-ին Քաղաքապետարանի մոտ հավաքաված ակցիայի մասնակիցները վստահ են եղել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս կգա ու կտա իրենց հուզող հարցերի պատասխանները: Երկար սպասելուց հետո քաղաքապետարանի ներկայացուցիչը ցուցարարներին փոխանցել է, որ քաղաքապետը չի կարող հանդիպել իրենց:

Ակցիայի մասնակիցները «ամոթ, ամոթ» վանկարկումներով հեռացել են քաղաքապետարանից: Նրանք երթով շարժվել են Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով վերադարձել Մաշտոցի պուրակ: