Home / Հայաստան / Կրպակների տեղադրման ընթացքում ոչ մի ծառ չի հատվել. քաղաքապետարան

Կրպակների տեղադրման ընթացքում ոչ մի ծառ չի հատվել. քաղաքապետարան

Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը:

Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի կայքը, ըստ ծրագրի նախագծի, Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում  նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ  ծառաշարերով և կանաչ սիզամարգերով (նկարում): Տարածքի ծաղկապատման, ինչպես նաև կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաև տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաև գիշերային լուսավորության ապահովում:

Քաղաքապետարանը նշում է, որ այս օրերին Մաշտոցի այգում ժամանակավոր, թեթև կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին:

«Ավելին` տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որևէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը», – նշում է Երևանի քաղաքապետարանը: