Home / Հայաստան / ԲՀԿ-ն ընդդիմություն է, իսկ Քոչարյանը չի վերադառնա, կարծում է Բլեյանը

ԲՀԿ-ն ընդդիմություն է, իսկ Քոչարյանը չի վերադառնա, կարծում է Բլեյանը

Այս տարվա խորհրդարանական ընտրությունները էապես կտարբերվեն 2007-ի խորհրդարանական ընտրություններից: Այնտեղ ընդդիմություն ասածը՝ որպես այդպիսին, որ կարող էր ինչ-որ բան փոխել, չկար, ամեն ինչ կանխատեսելի էր: Մի փոքր անակնկալ եղավ «Ժառանգության» մասով, որը ոչինչ գրեթե չփոխեց»: Այս մասին aravot.am-ի հետ զրույցում ասել է Կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Հիմա ոչ միայն կա ընդդիմություն, այլև հիմա այն քաղաքական ուժ է, որ ինքնուրույն է հանդես գալիս և փորձում առավելագույն ձայներ հավաքել խորհրդարանում: Ընդդիմություն է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», – ասել է Բլեյանը:

Բլեյանը չի կարծում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն: Նրա խոսքով` Վարդան Օսկանյանի՝  ԲՀԿ անդամակցությունը վերջ է դնում այդ մտայնություններին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գործունեությանը, ապա Բլեյանը նկատեց, որ ՀՀԿ-ն համախմբել է իր ողջ հնարավորությունները, և դա նշանակում է, որ անհանգստանում է. «Նա տեսնում է, որ քաղաքական դաշտն այլ է, որ այլևս 2007-ը չէ, երբ ամեն ինչ ծրագրված էր»: