Home / Հայաստան / Սևանում շարունակում են փնտրել ձկնորսության գնացած տղամարդու դին

Սևանում շարունակում են փնտրել ձկնորսության գնացած տղամարդու դին

Փետրվարի 22-ի ժամը 16.30-ի դրությամբ Սևանա լճում շարունակվում են որոնողական աշխատանքները՝  ջրախեղդ եղած 55-ամյա Արամայիս Մանուկյանի դին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին դեպքի վայրից Epress.am-ին տեղեկացրել է գործով զբաղվող քննիչ Գարիկ Երանոսյանը:

Փետրվարի 17-ի առավոտյան ժամը 12.00-ի սահմաններում Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Արամայիս Մանուկյանը կնոջը տեղեկացրել էր, որ  գնում է լիճ՝ ձուկ որսալու:

Երանոսյանի խոսքով` Մանուկյանը սիրողական ձկնորսությամբ է զբաղվել ու լիճ է դուրս եկել առանց նավակի:

«Դուրս գալով տնից, Մանուկյանը ոտքով գնացել է լճի ուղղությամբ, ավելի ուշ զանգել է կնոջը ու տեղեկացրել, որ ինքն արդեն լճի վրա է», – նշել է Երանոսյանը:

Ըստ նրա՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարները ջրասուզակների, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ սկսել են որոնողական աշխատանքները լճում:

«Զննել ենք դեպքի վայրն ու վկաներին ենք հարցաքննել: Վկաների հետ զրույցում պարզվել է, որ մինչ լիճ հասնելը Մանուկյանը ծանոթներից մեկի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է գնալ լիճ՝ ձկնորսության, իսկ ծանոթը  խորհուրդ չի տվել՝ փաստելով, որ լիճը լավ սառած չէ ու վտանգավոր է, սակայն Մանուկյանը չի հետևել խորհրդին: Դեպքի օրը լճի առափնյա հատվածը մոտ 200 մետր սառած էր, այնուհետ որոնողական աշխատանքները սկսկելու օրը միանգամից սառույցներն հալվեցին, ու այս պահի  դրությամբ շարունակում է սառած մնալ լճի ափամերձ հատվածի մոտ 10 մետրը: Վկաները փաստել են, որ դեպքի օրը դեպի լիճ գնացող ոտնահետքերը  եղել են, սակայն հետդարձինը` ոչ», – պատմել է Երանոսյանը:

Քննիչը նշել է՝  թեև որոնողական աշխատանքները շուրջօրյա չեն, այնուամենայնիվ, չնայած սաստիկ ցրտին, փրկարարներն անում են հնարավոր ամեն բան՝ ջրախեղդ եղած Մանուկյանի դին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարը` armeniatv.com