Home / Հայաստան / Վրաստանում ռուս-վրացական անցյալը խորհրդանշող ևս մեկ արձան են ապամոնտաժում

Վրաստանում ռուս-վրացական անցյալը խորհրդանշող ևս մեկ արձան են ապամոնտաժում

Վրացական Բաթումի քաղաքում ապամոնտաժում են խորհրդային զինվորների հիշատակին նվիրված կոթողը: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը այս գործողությունները ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ ազգերի պայքարի սուրբ հիշողության նկատմամբ իրականացված ոտնձգություն և Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի 80 հազար քաղաքացիներին հասցված վիրավորանք է որակել:

«Վրաստանից եկող տեղեկատվության համաձայն, Բաթումիում ապամոնտաժվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընկած զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը»,- հայտնել է ՌԴ Արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նախատեսվում է առաջիկայում  հուշարձանը  Բաթումիից քաղաքի մերձակա որևէ բնակավայր տեղափոխել:

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, հուշարձանի տեղափոխման մասին որոշումը կայացվել է դեռ 2011-ի հուլիսի 15-ին: Կոթողի վայրում ճոպանուղու կայանման շենք է կառուցվելու:

Լուկաշևիչի խոսքով` «հուշարձանների հանդեպ հիվանդագին պայքարի պատճառն ակնհայտ է` հուշարձանները խորհրդանշում են Վրաստանի և Ռուսաստանի ընդհանուր պատմության բարի էջերը և խանգարում են վրացիների գիտակցության մեջ մտցնել Ռուսաստանի կողմից ճնշվող Վրաստանի միթոսը»,- հաղորդում է «Ռիա Նովոստին»: