Home / Հայաստան / 6 կետ. բնապահպանները պատասխանել են Տարոն Մարգարյանին

6 կետ. բնապահպանները պատասխանել են Տարոն Մարգարյանին

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամները մասնակցում են Մաշտոցի պողոտայում գտնվող այգում անցկացվող բողոքի ակցիաներին, 6 կետով պատասխանել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությանը.

«1.    Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային այգում տեղի ունեցող շինարարությանն առնչվող բոլոր իրավախախտումների թվարկումը ս.թ. փետրվարի 15-ին բանավոր, իսկ ս.թ. փետրվարի 20-ին գրավոր փոխանցվել է Երևանի քաղաքապետին: Հարկ ենք համարում նշել, որ հանրային այս զբոսայգին պաշտպանող քաղաքացիներն իրենք են շահագրգռված այդ հարցը լուծել ոչ թե հուզական, այլ առարկայական և օրինական դաշտում:

2.    Համաձայնելով պարոն Մարգարյանի այն կարծիքին, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը կարևորագույն խնդիր է մեր քաղաքի զարգացման համար՝ ցանկանում ենք շեշտել, որ այդ հարցադրումը վերաբերում է ոչ միայն մասնավոր, այլև հանրային սեփականությանը: Ընդ որում, ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը»:

3.    Չնայած քաղաքապետի պնդմանը, կրկնում և հիմնավորում ենք, որ խնդրո առարկա կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը չի համապատասխանում «սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին», խախտում է ՀՀ հողային, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված նորմերը և հասարակության կենսագործունեության միջավայրի փոփոխության վերաբերյալ իրազեկվելու և որոշումների մասնակցելու իրավունքը` արդյունքում ոտնահարելով Երևանի քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:

4.    Զբոսայգու «ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ» վիճակը հետևանք է  Երևանի քաղաքապետարանի և Երևան համայնքին պատկանող «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության: Հետաքրքրական է, որ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն զբաղվում է ոչ թե տարածքի կանաչապատման և խնամքի աշխատանքներով, այլ կառուցապատմամբ:

5.    Գնահատելով հանդերձ Երևանի քաղաքապետի կողմից «հանրության ներգրավվածության ու իրազեկվածության» կարևորումը` հիշեցնում ենք, որ այդ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ և պետք է տեղի ունենար մինչև համապատասխան որոշումների կայացումը:

6.    Ձեռնարկատերերի փոխհատուցումը չի կարող գերակայել Երևանի բնակիչների շահի նկատմամբ, առավել ևս որ տվյալ ձեռնարկատերերը տարիներ շարունակ շահույթ են ստացել հենց հանրային տարածքների հաշվին»: