Home / Հայաստան / Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմը անկախ ամեն ինչից կցուցադրվի Ստամբուլում

Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմը անկախ ամեն ինչից կցուցադրվի Ստամբուլում

Ընթացիկ տարվա մարտի 9-ից մինչ 19-ը Ստամբուլում անցկացվող կանանց միջազգային «Filmmor» կինոփառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանության մասին պատմող Սյուզան Խարդալյանի «Տատիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրության վերաբերյալ մրցույթի կազմակերպիչների դիրքորոշումը պարզաբանելու նպատակով ադրբեջանական Vesti.Az կայքը զրուցել է «Filmmor»-ի համակարգող Մելեք Օզմանի հետ:

Վերջինս հաստատել է, որ շվեյցարացի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմը իսկապես ցուցադրվելու է փառատոնի շրջանակներում. «Մենք գիտենք, որ ֆիլմում խոսվում է 1915 թվականի դեպքերի մասին, որոնք հայերը ցեղասպանություն են համարում: Թուրքիան ժողովրեդավարական երկիր է, և մենք չենք կարող արգելել ֆիլմի ցուցադրությունը: Երկրի կառավարությունը` Էրդողանի գլխավորությամբ կարող է և չճանաչել հայերի ցեղասպանությունը, բայց կինոփառատոնը քաղաքականությունից դուրս միջոցառում է: Անգամ ադրբեջանական և թուրքական համայնքների դիմում բողոքների դեպքում մենք չենք հանի ֆիլմը փառատոնի ծրագրից: Կրկնվեմ, Թուրքիան ժողովրդավարական երկիր է»,-պարզաբանել է Մելեք Օզմանը:

Նշենք, որ կինոփառատոնին մասնակցում է ավելի քան 20 երկիր, և ներկայացված են ավելի քան 70 ֆիլմեր: