Home / Հայաստան / «Ժառանգություն». 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցը արտահերթ է ճանաչվել

«Ժառանգություն». 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցը արտահերթ է ճանաչվել

Այսօր Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Արմեն Մարտիրոսյանի  հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Ինչպես տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը, Հանձնաժողովը դրական եզրակացություն չտրվեց օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք հանդիսացավ որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի և այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն:

Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում և արտահերթ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:

Հանձնաժողովի կողմից մերժվեց նաև «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը պետք է ուսումնասիրեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա  հանրային շահ  ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության հարցերը: