Home / Հայաստան / «Կարող ենք իրար չհավանել, բայց…». ՀՅԴ-ական գործիչը դիմել է ԱԺ-ի մոտ հավաքվածներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կարող ենք իրար չհավանել, բայց…». ՀՅԴ-ական գործիչը դիմել է ԱԺ-ի մոտ հավաքվածներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարևոր ու աննախադեպ է, որ խորհրդարանում պատգամավորների տարած պայքարին միանում է հասարակությունը, միանում է  ժողովուրդը: Այս մասին ԱԺ-ից դուրս գալուց հետո հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների առաջարկով  քննարկվել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ հարցը:

Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքական մեծամասնությունը կամ այն ուժը, որն իրեն քաղաքական մեծամասնություն է հռչակել, տեսնում է, որ իրականության մեջ «ժողովրդի տեսակետը մեզ հետ է»:

Նա հիշեցրել է, որ մինչ այս տեղի ունեցած լսումների ժամանակ ևս «Ժառանգության» և ՀՅԴ-ի առաջարկին միացել էր «Բարգավաճ Հայաստանը», իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչների այսօրվա ելույթները Հովհաննիսյանը փայլուն է համարել:

«Քննարկումը ավարտված է, քվեարկությունը հետաձգվել է  վաղվա, որովհետև դահլիճում բավարար մարդ չկար: Դե, դա մեր խորհրդարանի համար սովորական երևույթ է, բայց առավոտյան ժամը 12.00-ին նիստը կսկսվի հենց այդ քվեարկությամբ, որտեղ մենք կտեսնենք` կարողացել ենք հաղթահարել մեր դեմ դրված պատնեշները, թե ոչ: Ամեն դեպքում, սիրելի ժողովուրդ, կհաջողենք մեծամասնականը վերացնելու մեջ այս փուլում, թե չենք հաջողի, բայց դուք այսօր ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը պատրաստ է և ունի այդ  ուժը  կազմակերպելու  լուրջ վերահսկողություն բոլոր ընտրատեղամասերում` մեծամասնական կամ համամասնական լինի,- ասել է  Վահան Հովհաննիսյանը:

Նա ողջունել է ԱԺ-ի մոտ հավաքված տարբեր քաղաքական ուժերի, հասարակական շարժումների ներկայացուցիչներին` նշելով, որ իրենք կարող են տարբեր տեսակետներ ունենալ, կարող են իրար չհավանել, կարող են հակառակորդ լինեն, բայց կա մի բան` արդար կերպով իշխանություն ձևավորելու հարցը բոլորինն է:

«Փաստորեն, այսօր ինչ է պաշտպանում իշխանությունը` պահպանելով մեծամասնական համակարգը, կամ փորձելով այն պահպանել: Նա պահպանում է  իշխանության, գործադիր իշխանության, նախագահի, վարչապետի կառավարության  իրավունքը` իր ցանկությամբ, իր ճաշակով  ձևավորել խորհրդարանը և դարձնել իրեն հլու հնազանդ հենարան: Նորմալ երկրում կատարվում է հակառակ պրոցես: Ժողովուրդը արտահայտում է  իր կամքը, ընտրվում է ժողովրդի ձայներով խորհրդարան, և այդ խորհրդարանը ձևավորում է կառավարություն:

Եթե մեզ չհաջողվի այս փուլում հաղթահարել, անկախ քաղաքական դավանանքից, ես կոչ եմ անում բոլորիդ պատրաստվել ընտրություններում վերահսկել և թույլ  չտալ, որպեսզի հանցավոր ձեռքով կեղծվեն ընտրությունները, կամ ընտրություններում այնպիսի խարդախություններ տեղի ունենան, որ մեր ժողովրդի ըմբոստությունը առաջացնեն, առաջացնեն հասարակական բախումներ», – եզրափակել է ՀՅԴ-ական գործիչը: