Home / Հայաստան / ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն իրենց վրա վերցրեցին Մարտի 1-ի պատասխանատվությունը. Տեր-Պետրոսյան

ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն իրենց վրա վերցրեցին Մարտի 1-ի պատասխանատվությունը. Տեր-Պետրոսյան

Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-պետրոսյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին նվիրված Հատուկ քննչական ծառայության զեկույցը «խայտառակ» բառով է բնութագրել:

Այսօր Ազատության հրապարակում կայացած Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավքի ժամանակ անդրադառնալով զեկույցին` Տեր-Պետրոսյանը նշել է, որ իր հրապարակմամբ ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված է ազդարարել  Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը և ԵԽԽՎ 1837 բանաձևի պահանջը, իսկ ըստ էության, փակված համարել մարտի 1-ի պետական ոճրագործության արյունալի էջը։

«Այսինքն, իշխող վարչախումբը, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր վրա վերցրեց այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը և խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ցինիկաբար հայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին գնդակոծած, հարյուրավոր մարդկանց հրազենային ու բեկորային վերքեր պատճառած և տասը անմեղ քաղաքացու կյանքը խլած մարդասպաններն անպատիժ են մնալու։ Անշուշտ, ժողովրդի պատվախնդրության ու իրավագիտակցության աստիճանից է կախված, թե այդ ցինիզմն ինչպիսի հակազդեցության կարժանանա առաջիկա ընտրություններում։ Բայց անգամ դրանից անկախ, պարզ է մեկ բան. որքան էլ մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջև։ Նիկոլաե Չաուշեսկուի, Էրիխ Հոնեկերի, Սադդամ Հուսեյնի, Մուամմար Կադաֆիի և Հոսնի Մուբարաքի թշվառ վախճանը ձեզ օրինակ», – ասել է Տեր-Պետրոսյանը։