Home / Հայաստան / Սենատի որոշումը պետք է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից. կարծիք

Սենատի որոշումը պետք է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից. կարծիք

Հայկական հարցը կրկին, մեր կամքից անկախ, դարձել է արտաքին ուժերի խաղերի առարկան, դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին կայացած հանրահավաքի ամբողջական ելույթում:

«Հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի օգտին։ Հասկանալի պատճառներով դա մեծ խանդավառություն առաջացրեց հայ հասարակության լայն շերտերում, մանավանդ Սփյուռքում։ Իսկ Սերժ Սարգսյանը և Էդուարդ Նալբանդյանը, անհուն երախտագիտության խոսքեր ուղղելով Ֆրանսիայի ղեկավարներին, այդ իրադարձությունը համարեցին Հայաստանի դիվանագիտության փայլուն հաղթանակը։ Թե ինչ դերակատարություն է այդ հարցում ունեցել Հայաստանի դիվանագիտությունը, իհարկե, միայն Աստծուն է հայտնի, քանի որ ակնհայտ է, որ Ֆրանսիայի կառավարությունն այդ քայլը ձեռնարկել է բոլորովին անկախաբար, այն է՝ ֆրանսահայության քվեները շահելու նախընտրական նկատառումներով ու, թերևս, նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը խափանելու հեռահար նպատակով», -նշել է Տեր-Պետրոսյանը։

Նա հիշեցրել է, որ երկու օր առաջ պարզվել է նաև, որ խանդավառությունը վաղաժամ էր, քանի որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Սենատի որոշումը:

«Ուստի, իմ կարծիքով, խանդավառվելու կամ «հաղթանակ» տոնելու փոխարեն, անհրաժեշտ էր Սենատի «պատմական» որոշումը գնահատել նախ և առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու կամ վնասելու տեսանկյունից, որովհետև դա այն խնդիրն է, որի կենսական նշանակությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար ոչ ոք չի կարող ժխտել։ Հուսանք, ուրեմն, որ շուրջ մեկ ամիս առաջ ձեռքբերված փայլուն «հաղթանակը» չնմանվի Բեռլինի (1878թ.) և Փարիզի (1920թ.) խաղաղության կոնֆերանսներում հայկական դիվանագիտության տարած ավելի փայլուն հաղթանակներին, որոնց հետեւանքով նախ բնաջնջվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և ապա՝ կորսվեց Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ կեսը։ Համեմատությունը միգուցե կարող է անտեղի ու չափազանցված թվալ, բայց ահագնացող արտագաղթը, որը մասամբ հետևանք է նշված խնդրի չկարգավորվածության, ազգային աղետի պակաս վտանգ չի պարունակում», – ասել է ՀՀ առաջին նախագահը։