Home / Հայաստան / Բանակում աչքը կորցրած զինվորի պրոթեզը տեղադրեցին. տղան լուռ է և ինքնամփոփ

Բանակում աչքը կորցրած զինվորի պրոթեզը տեղադրեցին. տղան լուռ է և ինքնամփոփ

Այսօր առավոտյան Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում դեկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում աչքը կորցրած Նարեկ Ավետիսյանի պրոթեզը տեղադրեցին: Հիշեցնենք, որ ծառայության ժամանակ զորամասի ճաշարանի ղեկավար, ենթասպա Արմեն Թովմասյանը Նարեկին հարվածել էր շղթայով, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել էր: Ենթասպան մեղադրվում է պաշտոնի չարաշահման և ուրիշի առողջությանը վնաս պատճառելու մեջ:

Չնայած աչքի պրոթեզը հիմնական է համարվում, այնուամենայնիվ, կախված վերքի թարմությունից՝ 6-8 ամիս հետո կրկին կարիք կլինի չափսերը վերանայելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նարեկ Ավետիսյանի բժիշկ Գագիկ Գասպարյանը:

«Պրոթեզավորեցինք, թեև արտաքին  տեսքը 100 տոկոսով չի վերականգնվել, ուղղակի չիմացող մարդու համար տարբերությունը  գրեթե չի զգացվի: Ամեն ինչ նորմալ է, սակայն արհեստականն առողջ աչքին չի փոխարինի՝  այն տարբեր լուսավորության տակ տարբեր է: Տրամադրության անկման ժամանակ առողջ աչքը կարող է լարվել , կարմրել, իսկ արհեստականը՝ ոչ:  Նարեկի պարագայում, քանի որ կոպը վնասված է և  լիարժեք չի թարթվում, ուստի մեկ տարի կամ տարի երկու ամիս անց, նաև կախված առողջական վիճակից, խնամքից, արտաքին վնասվածքներից, պրոթեզը ենթարկվելու է փոփոխության: Պրոթեզը պետք է թարմացվի 1,5 տարին մեկ անգամ», – պատմել է Գասպարյանը:

Բժշկի հավաստմամբ՝   Նարեկն արդեն տեղյակ է իր վիճակի մասին, սովոր է ու պետք է իրեն ստիպի հետևել որոշ կանոնների:

«Թեև պրոթեզի անունը հիմնական է, սակայն այն հիմնական լինել չի կարող, քանի որ այն մշտական խնամքի կարիք ունի՝ պետք է հանվի, խնամվի, լվացվի, տեղադրվի», – ասել է Գասպարյանը:

Epress.am-ի հետ զրույցում Նարեկի հայրը՝ Անդրանիկը, հավաստել է, որ թեև պրոթեզը շարժվում է ու այնքան էլ չի տարբերվում բնականից, այնուամենայնիվ, ըստ նրա, փաստն ուղղակի անտանելի է:

«Երեխուս երեսին ժպիտ չկա: Առողջ երեխուս տարան, ինչ օրը գցեցին: Նարեկը նյարդային է, դյուրաբորբոք՝  նա էսպիսին չի եղել նախկինում», – պատմել է Անդրանիկ  Ավետիսյանը:

Նրա կարծիքով՝ Նարեկի համար անսպասելի է եղել այն  փաստը, երբ համացանցից  տեղեկացել է, որ ընդմիշտ զրկված է լինելու մեկ աչքից:

«Սա հոգեկան մեծ հարված է եղել տղայիս համար, բա դա քի՞չ բան է», – տարակուսած ասել է Նարեկի հայրը:

Նրա խոսքով՝ Նարեկի հիմնական զբաղմունքը  համակարգիչն է: Աչքը վնասելուց հետո Նարեկն ինքնամփոփ է դարձել, ծնողները նշում են, որ «եթե ամիսներով հետը չխոսես, ինքը չի խոսի»:

Նարեկի մայրը նշել է նաև, որ տղան  անասելի նեղվում է պրոթեզի ամեն օր հանել-տեղադրելու, տարին մեկ անգամ փոխելու փաստից:

Հիշեցնենք, որ ծառայության ժամանակ զորամասի ճաշարանի ղեկավար, ենթասպա Արմեն Թովմասյանը Նարեկին հարվածել էր շղթայով, որի հետևանքով երիտասարդի աչքը թափվել էր: