Home / Հայաստան / Հայ զինվորը սպանվել է ծառայակցի, այլ ոչ թե հակառակորդի կողմից. ՊՆ

Հայ զինվորը սպանվել է ծառայակցի, այլ ոչ թե հակառակորդի կողմից. ՊՆ

Փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում զոհված Ալբերտ Ադիբեկյանը  մահացել է իր զինընկերոջ կողմից արձակված կրակոցից, այլ ոչ թե սպանվել է հակառակորդի դիպուկահարի կողմից:  Դա հաստատել է Պաշտանության նախարարությունը:

Ըստ նախարարության քննչական ծառայության նախնական տեղեկությունների, Ադիբեկյանի վրա կրակել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Ենգիբարյանը:

Ենգիբարյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

«Ալբերտ Ադիբեկյանի` հակառակորդի կողմից սպանվելու վարկածի սկզբնաղբյուր է հանդիսացել հենց ինքը` Իգնատ Ենգիբարյանը, ով փորձել է թյուրիմացության մեջ գցել հրամանատարությանը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ  Կարապետյանը:

«Ազատության» հարցին, թե հաճա՞խ են լինում դեպքերը, երբ ծառայակցի գնդակից սպանությունները որակվում են որպես հակառակորդի կրակոցից սպանություններ, Կարապետյանը պատասխանել է. «Սա եզակի դեպք է: Այսպիսի թյուրիմացություններ շատ քիչ են լինում, կամ կարելի է ասել` չեն լինում: Նախարարությունը երբեք նման անբարո եւ ոչ օրինական գործողություն չի կատարել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը նշել էր, որ ըստ քննիչ Յուրա Բադալյանի` զինվորի դիահերձումը ցույց է տվել, որ նա սպանվել է ընդամենը 7 մետր հեռավորությունից արձակված գնդակից:

Հիշեցնենք  նաև, որ  Ալբերտ Ադիբեկյանի սպանությունից հետո մի խումբ երգիչներ հայտարարություն էին տարածել, որում բոյկոտում էին Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ  երգի մրցույթը և հրաժարվում մասնակցել երգի մրցույթի մի երկրում, որի դիպուկահարը հայ զինվորի է սպանել և որտեղ կան հայ գերիներ: