Home / Հայաստան / Նախկին պատգամավորը չի մրցելու ՀԱԿ-ի հետ, միայն Սամվել Ալեքսանյանի

Նախկին պատգամավորը չի մրցելու ՀԱԿ-ի հետ, միայն Սամվել Ալեքսանյանի

ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը դեռևս չի կողմնորոշվել, թե որ ընտրատարածքում է առաջադրելու իր թեկնածությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արշակյանը, ով կրկին որոշել է առաջադրել իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ ամեն ինչ կախված է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սմբատ Այվազյանի կողմնորոշվելուց, քանի որ Արշակյանը չի ցանկանում մրցակցել ՀԱԿ-ի հետ:

Ընտրակեղծիքների դեմ պայքարելու հարցում նա ակնկալում է հենց ՀԱԿ-ի աջակցությունը:

«Օրը կգա, բարին էլ հետը, և պարզ կլինի՝  7-րդ, թե 8-րդ-ում ընտրատարածքում (երկուսն էլ գտնվում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում) կառաջադրվեմ: 7-րդ ընտրատարածքի սահմանները ներգրավում են իմ և Սմբատ Այվազյանի բնակավայրերը, իսկ այդ բնակավայրից այսօր գործող պատգամավոր է Սամվել Ալեքսանյանը, այսինքն նա իմ պատգամավորն է, ես էլ ուզում եմ դառնալ նրա պատգամավորը», – ասել է Արշակյանը:

Նրա խոսքով՝  քաղաքականություն վերադառնալու ցանկությունը պայմանավորված է վերջերս կուտակված մի շարք ասելիքներով:

«Առանձին անհատների` այս տարիների ընթացքում փոխած դիրքորոշումները, որոշ պաշտոնյա նախկին գործընկերների պահվածքը ինձ ստիպեցին, որ նորից զբաղվեմ քաղաքականությամբ: Շատերի հետ անգամ չեմ կարողանում հեռախոսով կապվել: Պետք է ասեմ, որ 25 տարի ոչ մի անձնական հարց չեմ լուծել, այնինչ այսօր ամեն հարց անձնական է դարձել՝  պրեզիդենտից սկսած անձնական հարց են լուծում: Բանակում ծառայած և ԵՊՀ-ն ավարտած որդուս 1 տարի է, որ չեմ կարողանում շարքային գործի տեղավորել, չպիտի՞ դիմեմ  էն մարդկանց, ում վրա ամագ ունեմ», – նշել է նա:

Արշակյանը նաև ընդգծել է, որ խնդիրը, ինչու չէ, անձնական բնույթ ունի և սա էլ քաղաքականություն վերադառնալու մի շարք առիթներից մեկն է:

«Վաղեմի ընկերներս խոսում են, թե իրենք հայրենիքի զինվորն են, բայց պարզվում է, որ նրանք մեկ մարդու զինվորն են: Անուններ չեմ տալիս, դրա համար էլ ոչ լավն եմ ասում, ոչ՝ վատը: Իմ չինովնիկ ընկերների և գործընկերների վերաբերմունքը փոխվել է իմ նկատմամբ: 20 պաշտոնյայի դիմել եմ, ոչ ոք ինձ չի լսել: 1993թվականին Վովա Գասպարյանն եղել է իմ գործընկերը և հիմա զանգում եմ, նա չի պատասխանում զանգերիս», – ասել է նախկին ԱԺ պատգամավորը: