Home / Հայաստան / Արտակ Նազարյանի գործով վկայի ցուցմունքները հակասական են. փորձագետ

Արտակ Նազարյանի գործով վկայի ցուցմունքները հակասական են. փորձագետ

Արտակ Նազարյանի գործով վկա Արտակ Հովհաննիսյանի ցուցմունքները հակասում են գործով ձեռք բերված ապացույցներին: Այս մասին այսօր Իջևանում կայացած դատական նիստից հետո Epress.am-ին հայտնել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Ըստ էության, այս վկան տալիս է գործով ձեռք բերված փաստերին հակառակ ցուցմունքներ: Բոլոր այն հանգամանքները, որոնք առնչվում են Արտակ Նազարյանի սպանությանը, այս վկան կամ չի հիշում, կամ չգիտի:Այնինչ մի փաստ միայն նշեմ` նա գործում որպես ընթերակա է ներկայացված եղել,  փաստաթղթերում նշված է, որ նա մասնակցել է քննչական գործողությունների, սակայն ակնհայտ դարձավ, որ դա կեղծ փաստաթուղթ է, քանի որ վկան ասել է, որ ինքը ոչ մի քննչական գործողության չի մասնակցել», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:

Նա նաև նշել է, որ իրենք հետագայում միջնորդելու են, որպեսզի այս վկան ենթարկվի պատասխանատվության՝ կեղծ ցուցմունք տալու համար: Նշենք նաև, որ այս վկան եղել է հենակետի ավագ Արտակ Նազարյանի տեղակալը:

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 13-ին, ժամը 12:00-ին: