Home / Հայաստան / Գողության համար կալանավորված տղամարդու հայրը ակնկալիքներ ունի Աղվան Հովսեփյանից

Գողության համար կալանավորված տղամարդու հայրը ակնկալիքներ ունի Աղվան Հովսեփյանից

«Մոսկվա» կինոթատրոնում գողություն կազմակերպելու և իրականացնելու համար կալանավորված Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, այսօր նամակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով իր որդու հանդեպ արդար դարավարություն իրականացնել:

Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի է` գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան):

«Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել», – գրում է կալանավորի հայրը:

Ըստ նրա` երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով իրև որդին կանչվել է քաղաքային վարչություն, 7 ժամ շարունակ ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին:

«Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը` Վահրամ Քերոբյանը:

Ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս. Հովակիմյանը, և պաշտպան Տ. Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին` նախաքննությունը վարող քննիչին, կալանքի որոշումը կայացնող դատավորին, դատավարությունը իրականացնող դատավորներին, դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը:

Մեկ տարի անց՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին դիմելուց հետո, պատկան մարմինները արձագանքեցին խոշտանգումների և ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություններին` լսելով սակայն միայն ոստիկանների միակողմանի բացատրությունները` ապօրինությունները արդարացնելու ակնհայտ միտումով», – ասված է նամակում:

Հովակիմյանը հույս է հատնում, որ Աղվան Հովսեփյանի միջամտությամբ կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով, անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը, կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն: