Home / Հայաստան / «Զայրացած քաղաքացիները» յոգուրտի շշերով խափանել են ռազմական շքերթը

«Զայրացած քաղաքացիները» յոգուրտի շշերով խափանել են ռազմական շքերթը

Հունաստանի Հռոդոս կղզում «զայրացած քաղաքացիների» շարժումը խափանել է ռազմական շքերթը` յոգուրտներ նետելով քաղաքական գործիչների վրա:

Շքերթը նվիրված էր 1947 թվականին Դոդեկանեզ կղզախմբի` Հունաստանին միանալու հոբելյանին: Շքերթին ներկա էին կառավարության ներկայացուցիչը և երեք պատգամավոր, որոնք նստած էին տրիբունայում:

Մարդկանց մի մեծ խումբ մոտեցել է տրիբունային և մոտ մեկ ժամ շարունակ վիրավորական կարգախոսներ է հնչեցրել քաղաքական գործիչների հասցեին: Այնուհետև ցուցարարները ճեղքել են ոստիկանների պատնեշը և հյուրերի վրա են նետել ջրի և յոգուրտի շշերը: Շքերթը դադարեցվել է, քաղաքական գործիչները փախուստով են փրկվել, իսկ ցուցարարները շարունակել են շրջափակման մեջ պահել տրիբունան, որտեղ նստած են եղել ռազմական ղեկավարության ներկայացուցիչները: Տուժածներ չկան:

Հունաստանում գործող «վրդովված քաղաքացիների» շարժումը նախկինում էլ խափանել է զանգվածային երթերը` ի նշան կառավարության վարած քաղաքանության դեմ բողոքի: Շարժումը պարբերաբար «ծուղակներ» է ստեղծում տեղացի քաղաքական գործիչների համար` նրանց վրա յոգուրտներ և նարինջներ նետելով:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին հունական խորհրդարանը օրենք ընդունեց, որը ենթադրում է աշխատավարձերի և թոշակների նվազագույն չափի կրճատում, ինչպես նաև ընթացիկ տարվա բյուջեի վերանայում: Նման փոփոխություններ էր պահանջում ԵՄ-ն և ԱՄՀ-ն, որպեսզի հաստատի Հունաստանին տրվելիք 130 մլրդ եվրոյի վարկը, ինչը պետք է փրկի երկիրը սնանկացումից: