Home / Հայաստան / «Հ1-ի էժանագին սերիալներից էր». «Դորիանսի» երկրպագուները հիասթափված են Հանրայինից

«Հ1-ի էժանագին սերիալներից էր». «Դորիանսի» երկրպագուները հիասթափված են Հանրայինից

Հայաստանյան «Dorians» ռոք խմբի երկրպագուները հիասթափված են Հանրային հեռուստաընկերության որոշումից, որի համաձայն Հայաստանն այս տարի չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:

Dorians-ի Facebook-ի էջում մի շարք օգտատերեր իրենց բացահայտ վրդովմունքն են արտահայտում հանրային հեռուստաալիքի նկատմամբ. «Հ1-ի  էժանագին սերիալներից հերթականն էր:)) ամոոոոոոոոոոթ :(((((((»,-գրում է Mary Yolchian օգտատերը:

Մեկ այլ օգտատեր` Mariam Yeghiazaryan-ը, նշում է. «Հարցին կարելի ա 3 կողմից նայել: Տեսեք 1. մեր շոու-բիզնես կոչվածը ևս մի անգամ ապացուցեց, որ աղբից ու ագռավներից քիչ ա տարբերվում, չկա որակ, չկա ճաշակ … կա սպանված, մեռնող արվեստի փշրանքներ: 2. Հ1 ևս մեկ անգամ ապացուցեց, որ մի երկու սերիալ, մի քանի կռիվ կռիվ հաղորդում դեռ չի նշանակում ալիք 3. Վհատվելու կարիք չկա: Դորիանսը արդեն հաղթել ա: Մենք ուժեղ ենք, ճաշակով ու կարևորը միասին»:

Նշենք, որ այս տարի Բաքվում կայանալիք Եվրատեսիլի մասնակցության հավանական թեկնածու էր համարվում հենց Dorians-ը, որն արդեն իսկ պատրաստ երգ ուներ մրցույթի համար («Սա է մեր աշխարհը») և վայելում էր երկրպագուների ու մեծ թվով մարդկանց աջակցությունը: Այս ընթացքում խմբի անդամները հայկական տարբեր ԶԼՄ-ների հետ հարցազրույներում պնդում էին, որ պատրաստ են Ադրբեջան մեկնել և այնտեղից աշխարհին խաղաղության կոչ հղել, քանի որ երգի տեքստը հենց խաղաղություն է քարոզում: Միաժամանակ, մի խումբ երգիչներ հայտարարություն էին տարածել, որով կոչ էին անում Հանրային հեռուստաընկերությանը բոյկոտել Բաքվում կայանալիք երգի մրցույթը` վկայակոչելով այն հանգամանքը, որ Ադրբեջանցիների գնդակներից շարունակում են հայ զինվորներ զոհվել:

Dorians-ը, սակայն, մինչև վերջ չէր փոխում իր դիրքորոշումը: Ավելի վաղ խմբի անդամներն իրենց Ֆեյսբուքյան էջում գրել էին. «Որ Ռուսաստան էինք գնում Եվրատեսիլի, ոչ մեկ անվտանգությունից չէր խոսում, չնայած Ռուսաստանում ազգայնականությունը սահմաններ չի ճանաչում, այնտեղ ամեն օր մի հայ են սպանում, բայց Ռուսաստան մենք չէինք վախենում գնալ… Մարդիկ ուշքի եկեք, քանի հայա սպանվում էսօր Թուրքիայում ապրող հարյուր հազարավոր հայերից???? Քանի??? Տոկոսային հարաբերությամբ 100 անգամ ավելի քիչ քան Ռուսաստանում: Եկենք հանենք մեզ մեջ սրսկված ատելությունը, մարդիկ աշխարհի… Կյանքը մի անգամ է տրվում ` ապրենք համերաշխ, առանց պատերազմների!»: