Home / Հայաստան / Անահիտի արձանի մասունքները Հայաստանում կցուցադրեն, բայց Աշոտյանին դա չի բավարարում

Անահիտի արձանի մասունքները Հայաստանում կցուցադրեն, բայց Աշոտյանին դա չի բավարարում

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա:

Ինչպես հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին են փոխանցել Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամի նախաձեռնությանը միացած ավելի քան 20000 երիտասարդների ստորագրությունները։

Կարեն Ավագյանի և Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը լրագրողներին հայտնել է, որ Բրիտանական թանգարանից արդեն կա դրական արձագանք՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում։ Այս քայլը, ըստ դեսպանի, կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացում և թանգարանների միջև համագործակցություն։

Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով արձանի մասունքների ժամանակավոր ցուցադրության համար, նշել է, որ հայկական կողմը չի բավարարվելու ժամանակավոր ցուցադրությամբ։

«Մենք դիտարկում ենք այս քայլը որպես Հայաստանի հասարակությանն ընձեռված հրաշալի առիթ՝ վերադարձնելու մեր հպարտությունը, մեր մշակութային արժեքները», – ասել է նախարարը: