Home / Հայաստան / ԿԸՀ-ից պահանջում են վերանայել լրագրողների հավատարմագրման կարգը

ԿԸՀ-ից պահանջում են վերանայել լրագրողների հավատարմագրման կարգը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հունվարի 31-ին հաստատված՝  ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգի որոշ դրույթներ անհանգստության տեղիք են տալիս, չնայած Կարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ ԿԸՀ-ն «բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ»: Այս մասին ասված է Երևանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանի համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ, մասնավորապես, մտահոգություն են առաջացնում կարգի 9-րդ և 11-րդ հոդվածով նախատեսված հավատարմագրման մերժման և դադարեցման հետևյալ երկու հիմքերը. լրագրողի հավատարմագրումը մերժվում է կամ դադարեցվում է, եթե «նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը» կամ «դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»:

«Հավատարմագրման մերժման և դադարեցման այս հիմքերն անընդունելի են հետեւյալ պատճառներով.

–         սույն Կարգում նախատեսվում են իրավունքի այնպիսի սահմանափակումներ, որոնք կարող են սահմանվել միայն օրենքով, և՝ ոչ ենթաօրենսդրական ակտով,

–         լրատվամիջոցների իրավունքներից է բխում ընտրական գործընթացները լուսաբանելու համար լրագրողների ինքնուրույն եւ ազատ ընտրության հնարավորությունը։ Այդ ընտրությունը չպետք է կաշկանդված լինի որևէ կերպ, այդ թվում նաև՝ ԿԸՀ-ի կողմից,

–         հաշվի առնելով, որ մոտակա ամիսներին լրագրողների բավական մեծ մասը ներգրավված է լինելու ընտրական գործընթացների լուսաբանման մեջ, Կարգը, փաստորեն, արգելք կարող է հանդիսանալ լրագրողի մասնագիտական գործունեության համար՝ զրկելով լրագրողին հավատարմագրման հնարավորությունից «անցյալի մեղքերի» համար, որն էլ անընդունելի է ժողովրդավարական արժեքներ դավանող երկրում,

–         Կարգում՝ որպես լրագրողի հավատարմագրումը մերժելու եւ դադարեցնելու հիմք է սահմանվում՝ ընտրական հանձնաժողովների գործունեության մասին այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ ԿԸՀ-ն անուղղակիորեն սահմանում է իր համար քննադատությունից պաշտպանվելու լրացուցիչ երաշխիքներ։ Տվյալ դրույթն առավել մտահոգիչ է, հաշվի առնելով, 2010 թվականի ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության եւ վիրավորանքի օրենսդրական փոփոխություններից հետո ձևավորված և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատական պրակտիկան,

–         անկախ նրանից, թե նշված դրույթներն ինչպես կկիրառվեն, նման սահմանափակումների առկայությունը Կարգում արդեն իսկ որոշակի ճնշման միջոց է եւ կարող է անտեղի կաշկանդել լրագրողների աշխատանքը՝ այն էլ պետության համար այսքան կարեւոր ընտրական շրջանում», – նշված է հայտարարության մեջ։

Դրա հեղինակները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են վերանայել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 9-րդ և 11-րդ հոդվածով նախատեսված՝ հավատարմագրման մերժման և դադարեցման հիմքերը։