Home / Հայաստան / «Ապամոնտաժում». աղջիկները հրաժարվում են ոստիկանների ծաղիկներից (ՖՈՏՈ)

«Ապամոնտաժում». աղջիկները հրաժարվում են ոստիկանների ծաղիկներից (ՖՈՏՈ)

16:30 Այս պահին արգելապատնեշները վերացված են, իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին թույլ են տալիս մտնել կրպակներ: Ոստիկաններն այլևս չեն խոչընդոտում ակտիվիստների գործողությունները: Այժմ Մաշտոցի պուրակում հավաքվածները ազգագրական երգեր են երգում և պարում են:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը, միաժամանակ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել բոլոր աղջիկներին միանալ իրենց և վերջապես փրկել այգին: Բնապահպանը նշում է, որ ժամանակն է ոչ միայն հոգեպես, այլևս ֆիզիկապես միանալ իրենց պայքարին:

16:15 Ոստիկանների և ակտիվիստների բանակցությունների արդյունքում որոշվեց վերացնել կրպակները շրջապատող արգելապատնեշները: Քանի ակտիվիստներն արդեն գրավել են կրպակները, փաստորեն, վերանում է արգելապատնեշների իմաստն ու նշանակությունը:

Նշենք, որ բնապահպան աղջիկների պատվիրակը միաժամանակ խոսել է հանրության հետ և երկու կոչով հանդես եկել: Նախ կոչ է արվում իգական սեռի ներկայացուցիչներին գալ այգի և միանալ կրպակի ներսում ստեղծված կանանց միությանը, իսկ տղաներին` դրսից աջակցել նրանց պայքարին: Աղջիկները պահանջում են նաև ոստիկանության կողմից ընդունված ցանկացած որոշման մասին իրենց անպայմանորեն տեղեկացնել որևէ աղջիկ պատվիրակի միջոցով: Բնապահպանները չեն պատրաստվում դուրս գալ կրպակներից:

15:55 Ոստիկանները ծաղկեփնջերով մտել են կրպակների տարածք և փորձում են ծաղիկները նվիրել բնապահպան ակտիվիստներին` ի նշան հաշտության: Սակայն աղջիկները  չեն ընդունում ծաղիկները, փոխարենը` վանկարկելով. «Մեզ պետք չեն ծաղիկներ, մեզ պետք է ապամոնտաժում»:

15:37 Այս պահին ոստիկանները բանակցում են ակտիվիստների հետ, սակայն լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել բանակցությունների ընթացքը:

Ակտիվիստները նաև կոչ են տարածել համաձայն որի, ելնելով ՀՀ Սահմանադրության այն կետից, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին,  իրենք հայտարարում են «քաղաքացիական արդար և անկախ դատարանի ստեղծման մասին»: Ըստ բնապահպանների` դատարանը կոչված է քննելու հանրային ունեցվածքի ու ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրները: Այն զբաղվելու է մի շարք բնապահպանական խնդիրներով:

Դատարանի կողմից քննվող առաջին գործը Մաշտոցի այգու պուրակի հանրային տարածքի պաշտպանության դատն է, որտեղ հանրությունը հանդես է գալիս ընդդեմ քաղաքային իշխանությունների:  Ակտիվիստները հրապարակել են դատավճիռը, ըստ որի Մաշտոցի պուրակի գույքը կալանքի տակ է առնվում, հետևաբար ոստիկանները իրավունք չունեն մոտենալ կրպակներն:

15:15 Րոպեներ առաջ Մաշտոցի այգու պուրակի համար պայքարող բնապահպան ակտիվիստ աղջիկները որոշել են անձամբ ձեռնամուխ լինել կրպակների ապամոնտաժման գործին: Իրենց խոսքով` դա արվում է մարտի 8-ի կապակցությամբ:

Ակտիվիստ աղջիկները գրավել են կրպակները և ներսից իրենց ձեռքերով փորձում են ապամոնտաժել դրանք: Աղջիկները բղավում են «այգին մերն է»: Այս ընթացքում անմիջապես ավելացել է այգին հսկող ոստիկանների թիվը, որոնք փորձում են դուրս բերել աղջիկներին կրպակներից: Բացի այգում հավաքված ակտիվիստներից, այգի են եկել նաև «Դանակը ոսկորին» ՀԿ-ի աղջիկները, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս նրանց միանալ բնապահպաններին: Ակտիվիստները բղավում են` «միլիցեք, դուրս եկեք»:

Epress.am-ի թղթակիցը հայտնում է, որ ինքը փորձել է մտնել կրպակ` իրավիճակը լուսաբանելու համար` ոստիկաններին ներկայացնելով լրագրողի վկայականը:

Սակայն ոստիկանները թույլ չեն տվել դա անել` ասելով, որ դա կարևոր չէ: Ոստիկաններից մեկը կոպտորեն հրել է լրագրողին, որի հետևանքով նա ընկել է: Ոստիկանը, լրագրողի հարցին ի պատասխան, հրաժարվել է ներկայանալ:

Ոստիկանի լուսանկարը