Home / Հայաստան / Լյուդմիլա Սարգսյանը Արդարադատության նախարարությանը 20 օր ժամկետ է տվել

Լյուդմիլա Սարգսյանը Արդարադատության նախարարությանը 20 օր ժամկետ է տվել

Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դիտավորություն է համարում որպես ՍԴՀԿ ղեկավար այլ անձնավորության գրանցումը և մտադիր է դիմել է Արդարադատության նախարարություն` պահանջելով շտապ` 20 օրվա ընթացքում հարցին լուծում տալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է ՍԴՀԿ նոր ատենապետ` Գևորգ Պերկուպերկյանը, որից հետո Լյուդմիլա Սարգսյանից պահանջել են հանձնել ՍԴՀԿ գույքը, արխիվը:

Սարգսյանի խոսքով` սրանով փորձ է արվում խոչընդոտել կուսակցության ներկայացվածությանը ՀԱԿ համամասնական ցուցակում և թույլ չտալ, որպեսզի ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի դաշինքով մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` նոր համագումարի մասին հայտարարություն տարածած անձանց փաստաթղթերը կեղծ են, քանի որ  նրանք վաղուց հեռացված են ՍԴՀԿ շարքերից, իսկ համագումարը տեղի չի ունեցել:

«Սա իրավունքների ակնհայտ ոտնահարում է, քաղաքական հետապնդում է մեր կուսակցուքյան նկատմամբ: Պետռեգիրստրում այս խնդրին ծանոթ են:  Անցյալ տարի նույն մարդկանց կողմից նման փորձ էլի արվել է: Մեր անունից հայտարարություն է տարածվել:  3 տարի շարունակ ՍԴՀԿ-ի միջոցով Կոնգրեսը պառակտել են փորձում,  երկու դատական վճիռներ ունենք, որ ատենապետը ես եմ»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Բանախոսը նաև հայտարարել է, որ խնդրի մասին նոր հայտարարություն է կազմել, որով մեղադրանք է առաջադրում Սերժ Սարգսյանին, Հրայր Թովմասյանին, Աղվան Հովսեփյանին: