Home / Հայաստան / Արտակ Նազարյանի գործով անցնող վկան դատարանում փոխել է ցուցմունքը. փաստաբան

Արտակ Նազարյանի գործով անցնող վկան դատարանում փոխել է ցուցմունքը. փաստաբան

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը, որին տուժող կողմը չի մասնակցել:

Epress.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն ասել է, որ իրենց ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հիվանդության պատճառով չի կարողացել ներկա լինել և իրենք նամակ են գրել դատավոր Սամվել Մարդանյանին` խնդրելով հետաձգել նիստը, սակայն դատավորը մերժել է տուժող կողմի դիմումը:

Գործով որպես մեաղդրյալներ անցնող Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի և Մխիթար Մխիթարյանի փաստաբան Ալվարդ Մնացականյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր հարցաքննության ընթացքում վկա Արտակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր նախաքննության ժամանակ տված ցուցմունքները ճիշտ չեն և դատարանում ասել է, որ վերոնշյալ երեք անձինք Արտակ Նազարյանին չեն ծեծել, այլ նրա հետ ընկերական կատակներ են արել:

Մնացականյանի խոսքով` այս դրվագով ապացուցվում է, որ իր պաշտպանյալները իրականում չեն արել այդ արարքները, որոնց նրանց վերագրվում են:

Փաստաբանը փոխանցել է, որ Հովհաննիսյանը նշել է, թե նախաքննության ժամանակ ինքը քննիչին ասել է, թե վերոնշյալ երեք մեղադրյալները կատակ են արել Նազարյանի հետ, բայց, վկայի խոսքով, քննիչն իր ձևով է ներկայացրել իրողությունը` ասելով, որ չի կարող գրել, թե կատակ են արել:

«Իմ հարցերի շնորհիվ մենք այս վկայից պարզեցինք, որ իմ պաշտպանյալները ծեծի դրվագում չկան», – ասել է Մնացականյանը:

Մնացականյանի հարցաքննությունը կշարունակվի վաղվա դատական նիստի ժամանակ: