Գլխավոր / Տեսանյութեր / Զոհված զինվորի ծառայակիցները ենթարկվում են ճնշումների, պնդում են իրավապաշտպանները

Զոհված զինվորի ծառայակիցները ենթարկվում են ճնշումների, պնդում են իրավապաշտպանները

2011 թ. հունիսի 1-ին բանակ զորակոչված և դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Խաչատրյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ունի մի շարք մտահոգություններ:

Ինչպես ասված է կազմակերպության հայտարարության մեջ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայկ Խաչատրյանի զինակիցները, որոնք կարող են տեղեկություններ հայտնել ծառայության ընթացքում Հայկի առողջական վիճակի վատթարացման պատճառների, հրամանատարի կողմից նրա նկատմամբ դրսեւորած վատ վերաբերմունքի մասին, ենթարկվում են ճնշումների՝ նրանց համոզում, հորդորում և ստիպում են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

«Քանի որ նրանք շարունակում են գտնվել զորամասի հրամանատարի հսկողության ներքո, որը անմիջական պատասխանատվություն է կրում տվյալ իրավիճակի համար, պահանջում ենք նախաքննություն իրականացնող մարմնից՝ միջոցներ ձեռնարկել զինծառայողների նկատմամբ նման ճնշումները բացառելու և քրեական գործի անաչառ, լրիվ և օբյեկտիվ քննությունը ապահովելու համար», — նշում են հայտարարության հեղինակները: