Home / Տեսանյութեր / Ադրբեջանի մտավորականները հացադուլ կհայտարարեն իրենց իրավունքների համար

Ադրբեջանի մտավորականները հացադուլ կհայտարարեն իրենց իրավունքների համար

Հաշվի առնելով իշխանությունների անտարբերությունը երկրում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին` Ադրբեջանի Մասալայի շրջանի մտավորականների մի խումբ մարտի 22-ին հացադուլ են հայտարարելու: Այս մասին այսօր լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մասալայի շրջանի մտավորականների միության ղեկավար Մամեդագա Էյնուլաևը:

«Արդեն երկու տարի է մենք բոլոր պետական մարմիններում բարձրաձայնում ենք Մասալայի շրջանի ղեկավար Հազանֆար Ագաևի ապօրինությունների մասին և որ նա կոպտորեն խախտում է տեղի բնակչության իրավունքները, զավթում նրանց սեփականությունը և հետապնդումների ենթարկում դժգոհներին: Եթե ոչինչ չփոխվի, Գուբայի դեպքերը կարող են կրկնվել նաև Մասալայում»,-ասել է Էյնուլաևը:

Մարդու իրավունքների և սեփականության իրավունքի զանգվածային ոտնահարման դեպքերը Գուբայում, Բաքվում և այլ վայրերում կարող են երկրում սոցիալական բունտի առիթ դառնալ, հայտնում է Contact.az-ը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Գուբայի շուրջ 10,000 բնակիչներ փողոց էին դուրս եկել` բողոքելու քաղաքապետի դեմ: Արդյունքում` բախումներ էին սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիվերջո իշխանությունները որոշել էին բավարարել Գուբայի բնակիչների պահանջը և աշխատանքից ազատել քաղաքապետ Ռաուֆ Հաբիբովին: