Home / Տեսանյութեր / «Մոզրովի» քարանձավը փլուզվում է. մասնագետներն ահազանգում են

«Մոզրովի» քարանձավը փլուզվում է. մասնագետներն ահազանգում են

Մոզրովի քարանձավի կառուցածքից անտեղյակ մարդու համար գուցե այնքան էլ սարսափելի չթվան օրեր առաջ քարանձավի փլուզումներն ու բերկորները: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե քարանձավ ներթափանցող մի փոքր քարի կտորը կամ փոշին ինչքան վնաս կարող են տալ քարանձավին: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը:

«Երեքշաբթի օրը եղել եմ քարանձավում, ու եթե ցույց տամ նկարները, դուք չեք պատկերացնի այն, ինչը Մշակույթի նախարարությունն անվանեց քարաթափ, որքան վտանգավոր փլուզում է քարանձավի համար», – ասել է նա:

«Քարանձավի բարձիթողի վիճակը տեսնելով` հասկանում ես, որ միգուցե ինձ պես շատ քարանձավախույզներ մտնեին քարանձավ ու  իրենց գլխին ինչ-որ բան ընկներ , կասեին՝  դժբախտ պատահար է, ոչ թե ինչ-որ մեկի անուշադրության հետևանք», – նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ անտերության մատնված քարանձավում աստիճանաբար վերանում են քարանձավի բնական գեղեցկությունները՝ կորցնում է փայլն ու հմայքը:

Հանդիպման մասնակից  «ՀՀ քարանձավագիտության» կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը նշել է, որ Մոզրովի քարանձավը չի փլուզվել:

«Փլուզվել է  միայն մուտքը և չնայած իրենց փխրուն կառուցվածքին, քարանձավները բավականին ամուր են: 1973 թվականին, երբ օդանավակայան կառուցելու նպատակով այդ տարածքում տրակտորով ճանապարհ են  բացել, հայտնաբերել են «Մոզրովի» քարանձավը» – պատմել է Շահինյանը:

Նա հիշեցրել է, որ 1974 թվականին այս քարանձավում եղել է  առաջին փլուզումը, ինչի արդյունքում բացվել է քարանաձավի մուտքը, ու մարդիկ, ներս մտնելով, հայտնաբերել են այդ հրաշք աշխարհը:

«Այս փլուզումը տեղի էր ունեցել տրակտորի ծանրության ու աշխատանքների  հետևանքով ՝ այն հատվածում, որտեղ  առաստաղը բարակ էր՝ փլուզվել էր: Դրանից հետո քարանձավում փլուզումներ չեն եղել, պարզապես մնացել էին չափից շատ կախված քարերն ու ճաքեր: Եթե ժամանակին այդ քարերը  քարաթափեին ու տարհանվեին, ապա վտանգները շատ ավելի քիչ կլինեին», – նշել է Շահինյանն ու հիշեցրել՝ որպեսզի քարանձավի մուտքը երջնականապես չփակվի, պետք է պարզապես  մնացած, իրենցից վտանգ ներկայացնող կախված  քարերը  ինժեներական մեթեդներով փլուզել ու հանել այնտեղից:

«Հայաստանի քարանձավների փրկության միակ ելքը դրանք շահագործման հանձնելն է: Երկրորդ տարբերակ չկա: Տալ չի նշանակում՝ տալիս եմ՝ կեր, ինչպես ընդունված է Հայաստանում, այլ տալիս են օրենքով: Սեփականատեր լինելով  պետությունը պայմանագիր է կնքում ու պարտադրում  հետևել դրան», – ասել է նա: