Home / Տեսանյութեր / ԲՀԿ-ի համագումարին ներկա դիվանագետները փորձում են հասկանալ Հայաստանի քաղաքական իրավիճակը

ԲՀԿ-ի համագումարին ներկա դիվանագետները փորձում են հասկանալ Հայաստանի քաղաքական իրավիճակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցած Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը կարևորում է Հայաստանում կուսակցությունների ձևավորումը որպես քաղաքական համակարգի կայացմանը նպաստող գործընթաց: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում և ավելացրել, որ ինքն այստեղ է` կուսակցությանը գնահատական տալու համար:

«Ես եկել եմ վերլուծելու համար: Ներկա եմ գտնվել նաև ՀՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի համագումարներին: Ես այստեղ եմ` հասկանալու համար քաղաքական իրավիճակը», – ասել է դեսպանը:

Հայաստանում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար Վին Վենը մեզ հետ զրույցում ասել է, որ Հայաստանում կայունության համար պատրաստ է աջակցել բոլոր կուսակցություններին:

«Համագումարին ներկա գտնվելու հրավեր ստացել ենք միայն ԲՀԿ-ից: Այլ ուժերից հրավեր ստանալու դեպքում կհետևենք նաև նրանց», – ասել է դիվանագետը:

Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան ևս հայտարարել է, որ համագումարին մասնակցում է դիտորդի դերում` քաղաքական իրավիճակը հասկանալու համար: