Home / Հայաստան / Խաչատուր Սուքիասյանը պնդում է, որ իրեն որպես թեկնածու չգրանցելու հիմքեր չկան

Խաչատուր Սուքիասյանը պնդում է, որ իրեն որպես թեկնածու չգրանցելու հիմքեր չկան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որով խնդրվել է հիմք ընդունել տեղեկատվությունն առ այն, որ Խաչատուր Սուքիասյանը չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և մերժվում է վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը, չի կարող Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորի թեկնածու գրանցելը մերժելու համար հիմք հանդիսանալ, հայտնում է թեկնածուի մամուլի ծառայությունը` բերելով հետևյալ պատճառաբանությունները.

ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժում է, եթե՝

1) չունի ընտրվելու իրավունք.

2) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

Մամուլի ծառայության փոխանցմամբ` Սուքիասյանի ներկայացրած բոլոր փաստաթղթերն անթերի են:

ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

«Այս նորմի, ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 29.07.2011թ. թիվ 51-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության իրավասու մարմնի տրամադրած տեղեկանքով հաստատվում է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վերջին հինգ տարում` (1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, (2) այլ պետության քաղաքացիություն չունենալու և (3) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստերը:

Գրության բովանդակությունից հետևում է, որ “կասկածի տակ է դրվում” վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը:

“Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Տառացի մեկնաբանության կանոնից ելնելով, ուշագրավ է ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած “վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող”  արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

Այս նորմից հետևում է, որ քաղաքացու բնակության վայրը պայմանավորված է նրա մշտապես կամ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ապրելու հանգամանքից: Այսինքն, առավելապես հասկացությունը հավասարեցված է մշտապես հասկացությանը:

Հաջորդիվ, տրամաբանական հարց է ծագում, թե մշտապես կամ առավելապես ապրելու հարցը որոշելու համար, ինչ ժամանակահատված պետք է նկատի ունենալ` մեկ ամսվա, մեկ տարվա, տասը տարվա…:

Այստեղ է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է ժամանակահատվածի սահմանը` վերջին հինգ տարում:

Ոստիկանության Գրությունից հետևում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել 10 ամիս 20 օր (այստեղ թերևս չենք անդրադառնում տրամադրված տվյալների իրական լինելուն):

Հինգ տարվա ժամանակահատվածի մեջ, որը կազմում է 60 ամիս, 10 ամիս 20 օրը կազմում է մոտ 18 տոկոս: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող հայտարարել, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել», – ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: