Home / Հայաստան / Ոստիկանները վերադարձրեցին վրանը. բնապահպանները ափսոսում են, որ նման ոստիկաններ կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները վերադարձրեցին վրանը. բնապահպանները ափսոսում են, որ նման ոստիկաններ կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ գիշեր Մաշտոցի այգում նստացույց իրականացնող բնապահպանները ոստիկանությունից հետ են ստացել մարտի  14-ին, ժամը 21.30-ին իրավապահների կողմից բռնի ուժով առգրավված վրանը, քնապարկերը, և ակտիվիստներին պատկանող մյուս պարագաները: Վրանը, ինչպես տեսանյութում հայտարարում է ակտիվիստներից մեկը, կոտրված վիճակում է վերադարձվել:

Ի պատասխան իրավապահների գործողությունների` բնապահպան ակտիվիստները կարմիր վարդեր են նվիրել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանին`«իր քաջագործության համար»:

«Հաջող օպերացիայի իրականացման համար ձեզ ուզում եմ այս ծաղիկը նվիրել»,-ասում է ակտիվիստը:

Իրեն կարմիր վարդ նվիրած ցուցարարին Օսիպյանը պատասխանում է. «Ափսոսում եմ, որ ձեր նման երիտասարդ աղջիկը…»: Բնապահպանները ընդհատելով նրան` հակադարձում, որ իրենք են ափսոսում են, որ նման ոստիկաններով են շրջապատված:

Միաժամանակ ընդհարում է եղել բնապահպանների և Մաշտոցի այգում տիրող իրավիճակը նկարահանող երիտասարդի միջև, ով ներկայացել է «02-ի աշխատող»: Երիտասարդի ներկայությունը վրդովմունք է առաջացրել ակտիվիստների շրջանում, քանի որ, իրենք «հանցագործ չեն, որպեսզի «02-ի» հաղորդման համար իրենց նկարեն»:

Այդուհանդերձ, երիտասարդը շարունակել է իր գործը` հայտարարելով, որ Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից է, և ընդամենն իր աշխատանքն է կատարում, իսկ թե տեսանյութը ինչպես և ինչ նպատակով է օգտագործվելու, ինքը տեղյակ չէ:

Տեսանյութը` Youtube կայքում տեղադրել է Hayk470 օգտատերը