Home / Հայաստան / Օսկանյանը բացատրել է` ինչու Հայաստանը պետք է ավելի ժողովրդավար լինի

Օսկանյանը բացատրել է` ինչու Հայաստանը պետք է ավելի ժողովրդավար լինի

Հայաստանի իշխանության որոշ շրջանակների և հասարակության որոշ շերտերի մոտ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մտահոգիչ պատկերացումներ են ձևավորվել: Այս մասին այսօր ԲՀԿ համագումարին հնչեցրած իր ելույթում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Մարդիկ ինձ հաճախ ասում են, թե` ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիրը և պատերազմի մշտական սպառնալիքը՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լիակատար ժողովրդավարության, լիակատար իրավունքների ու ազատությունների, լիակատար հանդուրժողականության «շռայլությունը»: Ես կասեի ճիշտ հակառակը: Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս պետք է ստեղծենք քաղաքական հակակշիռների վրա գործող քաղաքական-պետական համակարգ:

Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք:

Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք հնարավորինս արագ և անկեղծորեն պետք է ընդունենք մեր ազգային արժեքներին համահունչ եվրոպական արժեհամակարգը և ինտեգրվենք եվրոպական կառույցներին», – ասել է ՀՀ նախկին արտգործնախարարը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցություններին:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, և այսօր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստի միջազգային ճանաչմանը հասնելը:

«Դա անելու կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության», – ասել է Վարդան Օսկանյանը: