Home / Տեսանյութեր / Անմեղին «խցկել են» պետական դավաճանության գործի մեջ, պնդում է փաստաբանը

Անմեղին «խցկել են» պետական դավաճանության գործի մեջ, պնդում է փաստաբանը

Պետական դավաճանության գործով դատվող 6 ամբաստանյալներից հանցագործության կազմակերպման մեջ մեղադրվող Ռոման Մաթևոսյանի ձերբակալության համար, ըստ ԱԱԾ քննիչ Արմեն Թևանյանի արձանագրության, հիմքը է հանդիսացել այն, որ «ականատեսն ուղղակի մատնանշում է Ռոմիկ Մաթևոսյանին որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի»:

Ամբաստանյալի պաշտպան Սարգիս Ասլանյանը ասում է, որ «նման անհիմն ձերբակալությունը ուղղակի աբսուրդ է, քանի որ ձերբակալության որևէ իրական պատճառ չկա»:

Հիշեցնենք, որ, քրեական գործի համաձայն, Մեհրաբյանը և Մաթևոսյանը Թուրքիայում ծանոթացել են Տիգրան և Սայիդ անուններով հետախույզների հետ և  խոստացել ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել:

Փաստաբանի խոսքով` «ականատես» ասելով` քննիչը նկատի ունի պետական դավաճանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին: Ասլանյանը նշել է, որ Մեհրաբյանը, սակայն, իր հարցաքննության ժամանակ գործի առնչությամբ ընդամենը մեկ անգամ է տվել Ռոմանի անունը:

Մեհրաբյանը հարցաքննության ժամանակ ասել է, որ իրեն Սայիդի հետ ծանոթացրել է Կարինեն, ով նշել է, որ ունի մի ծանոթ, ով կօգնի գործ գտնելու հարցում: Նշենք, որ Կարինեն ու նրա աղջիկը` Մարիամը, Ռոմանի հարևանությամբ ապրող հայեր էին, ում հետ Ռոմանի ընկերուհի Լուսինեն հարևանություն է արել:

«Ռոմանն ինձ ասում էր, որ Սայիդը շատ ծանոթներ ունի հայերի շրջանում, բայց պետք է զգույշ լինել, քանի որ Լուսոն ասում էր, որ Սայիդը ինձ կխաբի: Չգիտես ինչի` Ռոմանին դուր չէր գալիս, որ ինձ Սայիդի հետ ծանոթացրել է Կարինեն ու աղջիկը:  Հիմա մտածում եմ, որ լավ էլ ճանաչում էր Սայիդին,  որ ասում էր` զգույշ մնա», – Ասլանյանի փոխանցմամբ` ահա այսքանով է Կարեն Մեհրաբյանը հիշատակել Ռոմանին` օգոստոսի 6-ին իր հարցաքննության ժամանակ, ինչից հետո էլ Ռոմանին հարցաքննել են որպես վկա օգոստոսի 8-ին, իսկ 10-ին` արդեն որպես կասկածյալ:

Ասլանյանը նշել է, որ Կարեն Մեհրաբյանը եղել է ԱԱԾ տեսադաշտում 2011թ. մայիսի  17-ից, ձերբակալվել է հունիսի 23-ին, մինչդեռ միայն օգոստոսի 6-ին հարցաքննվելու է առաջին անգամ հնչել Ռոմանի անունը:

Որպես վկա հարցաքննվելիս`Ռոմանը պատմել է հետևյալը.

«Ինչ վերաբերում է Սայիդի և Կարեն Մեհրաբյանի կապին, ապա նա ինձ պատմեց, որ Մարիամի միջոցով ծանոթացել է Սայիդի հետ, և որ վերջինս իրեն աշխատանք է տալու, ինչի ես պատասխանել եմ, որ զգույշ լինի, քանի որ չէի հավատում, որ Սայիդն իր խոստումը կկատարի: Այլապես նա ինձ ու Գրիգորին էլ էր աշխատանք խոստացել, բայց չէր կատարել խոստումը»,- ասել է Ռոմանը` հաստատելով, որ ինքը չի ծանոթացրել Կարենին Սայիդի հետ:

«Մեղադրականի մեջ քննիչը ինքը իր ձեռքով խեղաթյուրում է իր պարզած փաստերը և ասում, թե Կարենը Սայիդի հետ ծանոթացել է Ռոմանի միջոցով` վերջինիս տանը կազմակերպված հավաքույթի ժամանակ: Այդտեղ էլ հավաքագրվել է Տիգրանի կողմից»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Ասլանյանը:Արդեն որպես կասկածյալ հարցաքննելիս` հիշելով իրենց տանը կազմակերպված միջոցառումը, որին հրավիրված են եղել նաև Սայիդը և նրա ընկերը, Ռոմանն ասել է, որ այդ ընկերը հայերեն չի խոսել: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Սայիդի ընկեր Տիգրանը խոսել է հայերեն:

Ձերբակալման ծանուցագրի մեջ,  բացի այն, որ նշված է, թե «ականատեսը» տվել է Ռոմանի անունը, գրված է նաև, որ Տիգրանի, Սայիդի և Ռոմանի միջև կապի մասին վկայող օպերատիվ տվյալներ են ստացվել: Ըստ քննիչի` Ռոման Մաթևոսյանը ինչպես Թուրքիայում, այնպես էլ ՀՀ-ում հեռախոսազանգեր է կատարել ՀՀ ՊՆ գրանցված բջջային հեռախոսահամարներին, մինչդեռ, ըստ փաստաբան, Ասլանյանի` եթե  նման զանգեր կատարված լինեին, ապա դրանք ֆիքսված կլինեն, իսկ նման տվյալներ չկան: Ավելին` գործի 35  իրեղեն ապացույցներից միայն մեկը որևէ առնչություն ունի Ռոմանի հետ` «Օդնոկլասնիկի» սոցցանցի Ռոմանի էջում նրա ու Սայիդի լուսանկարը, որը արվել է վերոնշյալ տնային հավաքույթի ժամանակ:

Փաստաբան Սարգիս Ասլանյանը հիշեցրել է, որ արդեն դատարանում Կարեն Մեհրաբյանը հայտարարել է, որ Մաթևոսյանի մասով իր նախաքննական ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, ինքը սխալվել է, Ռոմիկի փոխարեն ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեն Մարիամը, նրա մայրը և եղբայրը՝ Կարինեն ու Գրիգորը:

Ըստ փաստաբանի` քննիչ Թևանյանը Ռոմանին «խցկել է» այս գործի մեջ, որպեսզի  հայրենիքի դավաճանության հոդվածով  շատ մեղադրյալներ լինեն և ինքը  դեկտեմբերին նախագահի կողմից պարգևատրում ստանա` լավ աշխատելու համար:

Ասլանյանը  իր պաշտպանական ճառը  կընթերցի մարտի 27-ին: