Home / Հայաստան / Քաղաքականության մեջ ՕԵԿ-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով. Սերժ Սարգսյան

Քաղաքականության մեջ ՕԵԿ-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառմանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սարգսյանը շնորհավորել է ՕԵԿ-ականներին կուսակցության հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ: Երկրի ղեկավարի խոսքով, բոլորի աչքի առջև «Օրինաց երկիր»-ը հիմնադրվեց, ամրացավ, կայացավ և շատ կարճ ժամանակահատվածում սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած և խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ-ը մեծ ներուժ ունի և առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ ևս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն և նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջև դրված խնդիրները լուծել: «Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է: Սա շատ գնահատելի հատկանիշ է և շատ գնահատելի որակ», – ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ «Օրինաց երկիր»-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՕԵԿ-ականներն այսուհետ ևս կուռ շարքերով կանգնելու են իրենց առաջնորդի կողքին, ով նրանց տանելու է դեպի ավելի լավ Հայաստան. «Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է, և մենք այդ ավելի լավ Հայաստանը կառուցելու ենք նաև ձեր ակտիվ մասնակցությամբ: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»: