Home / Հայաստան / Փոշմանեցին. Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, կմասնակցի ԱԺ ընտրություններին

Փոշմանեցին. Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, կմասնակցի ԱԺ ընտրություններին

Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի փոխարեն թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նման որոշում կյացվել է այսօր ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի ժամանակ:

Մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսին Հայրապետյանը վերջնականապես հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թեև ավելի վաղ հայտնել էր, որ եթե կուսակցությունը որոշի, ինքը կառաջադրվի: Նախորդ շաբաթ որոշման հերթական փոփոխությունը Հայրապետյանը բացատրել էր նրանով, որ ինքը զբաղված է ֆուտբոլային գործունեությամբ, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոմիտեների փոխնախագահ է և հաճախ է բացակայում երկրից, իսկ իր բացակայությունները, պատգամավորի խոսքով, «շահարկվում են արժող-չարժողների կողմից»:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե կարող էր որոշումները փոխելու հարցը փիառ քայլ լինել` Հայրապետյանը բացասական պատասխան էր տվել` նշելով, որ մի պահ կուսակցությունը իրոք որոշել էր, որ ինքը պետք է առաջադրվի, սակայն հետագայում կուսակցությունը և երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հասկացել են իր զբաղվածությունը ու նման որոշում են կայացրել:
Հայրապետյանը նշել էր, որ երկրի նախագահն իր առջև խնդիր է դրել Հայաստանի հավաքականը դուրս բերել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ, այդ իսկ պատճառով ինքը պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա: