Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանի դեմ առաջադրված «Ժառանգության» պատգավորին մեկ է` ով է իր մրցակիցը

Ռուբեն Հայրապետյանի դեմ առաջադրված «Ժառանգության» պատգավորին մեկ է` ով է իր մրցակիցը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը  խորհրդարանական ընտրություններում իր առաջադրվելը համարում է այլընտրանք ներկա իշխանությանը: Հիշեցնենք, որ Սաֆարյանն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում, որը տեղակայված է Ավան վարչական շրջանում: Նույն ընտրատարածքում պայքարելու են նաև ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և լրագրող Գայանե Առուստամյանը, ում աջակցում է Հայ Ազգային Կոնգրեսը:

«Տվյալ պարագայում ոչ թե Ստեփան Սաֆարյանն է ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, այլ «Ժառանգությունը»՝ ընդդեմ այս իշխանության և հանուն նոր Հայաստանի: Ճիշտն ասած, ինձ համար միևնույնն է, ով կլինի մրցակիցս Հանրապետական կուսակցությունից», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Սաֆարյանը:

«Այդ ընտրատարածքում առաջադրվելս պայմանավորված է իմ՝  1990 թվականից այդ տարածքի բնակիչ լինելու փաստով: Այս տարածքում մարդիկ ինձ ճանաչում են, վստահում են, գիտեն իմ կենցաղն ու առանձնապես ինձ ներկայացնելու կարիք, գտնում եմ, չի լինի: Քաղաքական առումով փաստացի այս կամ այնչափ հայտնի եմ հանրությանը՝  կուսակցության հետ մեր անելիքներով ու ծրագրերով, և բնականաբար, «Ժառանգության» թեկնածու լինելուց  բացի, ուրախ կլինեմ ստանալ իմ համայնքի բնակիչների վստահությունը, ում  այս տարիների ընթացքում ծառայել եմ և պատրաստ եմ ծառայել նաև մյուս 5 տարիներին»,- ասել է Սաֆարյանը:

Խմբակցության ղեկավարը փաստել է, որ իր կուսակցությունը 5 տարի օր ու գիշեր աշխատել է, ու իրենց համար չի եղել աշխատանքային ժամի սկիզբ կամ ավարտ, ինչպես նաև շաբաթն ու կիրակին հանգստյան օրեր չեն եղել:

«Թող մտածեն այն թեկնածուները, ովքեր այս տարիների ընթացքում որևէ գործ չեն արել և հիմա ինչ-որ մի կերպ պետք է բացատրեն, թե ով են իրենք, ինչու գործ չեն արել, կամ ինչ են պատրաստվում անել: Մենք հասանելի ենք եղել բոլորին ու ցույց ենք տվել, որ 6 հոգով կարող ենք անել սա և հասարակությունն է, որ պիտի որոշի՝ արդյոք դառնում ենք 16, թե՞ ՝ 66: Հետևաբար, այժմ  սպասելու ժամանակն է, մենք արդեն մեր անելիքն արել ենք ու գործով ցույց ենք տվել՝ թե ով է մեզանից յուրաքանչյուրը, ու հիմա հասարակությունն է, որ պիտի կայացնի իր վճիռը՝ ինչպիսին է ուզում  տեսնել իր երկիրը, իր պատգամավորին և նաև՝ որ քաղաքականության  կողմնակիցն է ինքը՝ արդյո՞ք նոր Հայաստանի, թե՞ այն Հայաստանի, որտեղ ապրում է ինքը», – նշել է Սաֆարյանը:

Ընտրությունների ընթացքը, ըստ Սաֆարյանի, պետք է անցնի հնարավորինս առանց դրանք մթագնող իրադարձությունների, որովհետև այս ընտրությունները  բախտորոշ են  լինելու թե Հայաստանի ապագայի, թե նաև հետագա զարգացումների համար:

«Պետք է վստահություն հայտնեմ, որ մենք բոլորս կմնանք օրենքի շրջանակներում, կգործենք խիստ օրինավոր քաղաքացու նման, գոնե իմ թիմի կողմից բազմիցս ապացուցվել է, թե որքան պոզիտիվ է մեր քարոզչությունն ու պայքարը: Հուսով եմ, որ Հանրապետական կուսակցությունը թույլ չի տա, ավելի ճիշտ կանի մաքսիմալը՝ ձեռնպահ մնալ այս  ընտրությունը մթագնող ցանկացած դրսևորումից ու վարքագծից», – եզրափակել է Սաֆարյանը: