Home / Հայաստան / Խաչվող միջանցքը որպես ղարաբաղյան փակուղուց հին նոր ելք

Խաչվող միջանցքը որպես ղարաբաղյան փակուղուց հին նոր ելք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի` Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հարցազրույցին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում պատասխանել է լրագրող Կոսմոպլյոտով Արիստարխը (Ալբերտ Հակոբյան):

Ամերիկացի դիվանագետը պատմել էր իր այն «զգացումի» մասին, որ այսօր «կողմերը ավելի մոտ են հակամարտության լուծմանը, քան իրենք են կարծում», և որ կարգավորումը պետք է տեղի ունենա հենց այս տարի` Մինսկի խմբի 20-ամյա աշխատանքի հոբելյանին: Այս առնչությամբ Կոսմոպլյոտովը գրում է. «Մինչդեռ, 20 տարի առաջ Մինսկի Խմբի ստեղծման հետ համատեղ ծնվեց նաև հակամարտության կարգավորման ծրագիրը, որին, մեր կարծիքով, ընդամենը մեկ շտրիխ էր պակասում, որպեսզի այն դառնար իսկապես երկու կողմերին էլ գոհացնող փոխզիջումային ծրագիր: Դրանք Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլեի առաջարկներն էին: Թույլ տանք մեզ լրացնել այդ «եզրափակող շտրիխը»:

Գոբլ-3

«Երկու ծրագիր կար. «Գոբլ-1» և «Գոբլ-2»: Առաջինի համաձայն (1992 թ.), Հայաստանին էր մնում Լեռնային Ղարաբաղի մեծ մասը` Լաչինի միջանցքով, փոխարենը Ադրբեջանին էր անցնում Մեղրիի շրջանը: Բայց այդ դեպքում Հայաստանը կորցնում էր իր համար շատ կարևոր Իրանի հետ սահմանը: 1996-ին Փոլ Գոբլը փոխեց իր ծրագիրը`Հայաստանի փոխանցելով նաև Իրանի հետ սահմանը Ադրբեջանի ամենաարևմտյան Սադարակս շրջանում: Բայց այդ դեպքում ընդհանուր սահման էին  կորցնում Թուրքիան ու Ադրբեջանը: Խնդիրն անլուծելի է թվում:

Կարծում ենք, ծրագիրը հետագայում կարող է վերամշակվել, որպեսզի վերանան այդ «անլուծելի» հակասությունները:

Ելք: Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի սահմանների Х-անման    հատում Սադարակի միջանցքի շրջանում (8 կմ-անոց հատված թուրք-ադրբեջանական սահմանին): Х-անման հատում ստեղծել կարելի է Թուրքիայի և Իրանի միջև ընդամենը մի քանի քառ. կմ-ի փոխանակման միջոցով: Ավելի ճիշտ, վերադարձ մինչ 1920 թվականի սահմանները, երբ Թուրքիան Իրանից վերցնում էր այդ գիծը Նախիջևանի հետ միանալու համար:

Ելնելով այն աքսիոմից` ըստ որի. «կետը գծի մասնավոր դեպքն է», այս կետում Թուրքիան պահպանում է Ադրբեջանի հետ սահմանը, իսկ Հայաստանը ստանում է Իրանի հետ սահմանը: Որպեսզի 4 երկրների սահմանների հատման այդ կետը կարողանա գործել որպես խաչվող միջանցք, անհրաժեշտ է  դրա շուրջ բավական լայն, մի քանի կիլոմետրանոց շառավղով տնտեսական համագործակցության ապառազմականացված տարածք ստեղծել` միջազգային վերահսկողության ներքո: Որքան մեզ հայտնի է, նման ռեժիմ գործում է Նամիբիայի, Զամբիայի, Զիմբաբվեի և Բոցվանայի սահմանների հատման կետում:

Հավանաբար, այստեղ մի քանի կամուրջներ կհայտնվեն: Բայց այն միակն ու բացառիկը կլինի աշխարհում: Դրա կենտրոնում,գետի մեջտեղում, հենց այդ «կետում», որը «գծի մասնավոր դեպքն է», մարտական դիրքեր կլինեն, որը կհսկեն 4 սահմանապահներ: Հիանալի ատրակցիոն կլինի զբոսաշրջիկների համար. նրանք կկարողանան կես րոպեում 4 երկրների տարածքում լինել»: