Home / Հայաստան / Ակցիա դատախազության մոտ. ՀՔԾ պետը խոստացել է կնիքն իր սեյֆում պահել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակցիա դատախազության մոտ. ՀՔԾ պետը խոստացել է կնիքն իր սեյֆում պահել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում «Գապբնակշին» ընկերության իրավախախումների զոհ դարձած Բուզանդի, Արամի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը և ընկերության աշխատակիցները, որոնք  մեկ տարի է` աշխատավարձ չեն ստացել: Հիշեցնենք, որ բնակարանատերերը պնդում են, որ իրենց բնակարանները մի քանի մարդու են վաճառվել, չնայած իրենք ունեցել են օրինական պայմանագրեր:

Բնակարանատերերից Սոնա Մաղաքյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այսօր եկել են Հատուկ քննչական ծառայությանը (տեղակայված է ՀՀ դատախազության շենքում – խմբ.) խնդրելու` թույլ չտալ, որպեսզի իրենց գործով զբաղվող հանձնաժողովը դատախազությունից վերցնի «Գապբնակշինի» կնիքը:

Բնակարանատերերը մտավախություն ունեն, որ Ոստիկաննության հետ պայմանագիր կնքելու անվան տակ, խնդրով զբաղվող հանձնաժողովը կվերցնի կնիքը և հետին ամսաթվերով անդորրագրեր կտպի` դատարանի անօրինական որոշումը արդարացնելու համար: Բնակարանատերերը նշում են, որ դատարանը մի քանի դեպքերում առանց կնծված անդորրագրերի առկայության վճիռ է կայացրել օգուտ մարդկանց, որոնք առաջինը չեն կնքել բնակարանի գնման մասին պայմանագիրը:

«Քրեական գործը հարուցվելուց հետո, կնիքը պահվոմ է ՀՔԾ-ում: Ամեն կերպ պետք է այն պահել ՀՔԾ-ում: Բանն այն է, որ բացահայտվել է, որ պաշտոնյանների դատական վճիռները ստացվել են` առանց ցույց տալու վճարման անդորրագրերը: Դատավոր Էդիկ Ավետիսյանը 24 բնակարանի, 27 ավտոտնակի և մեկ բակի վճիռ է կայացրել առանց անդորրագրերի», – ասել է Սոնա Մաղաքյանը:

Նա նաև նշել է, որ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ստեղծած հանձնաժողովը, որ զբավում էր բնակարատերերի հարցով,  դադարեցրել է աշխատանքը այն պատճառով, որ բնակարանատերերի փաստաթղթերի քննությունը ցույց է տվել, որ հանձնաժողովի արդար աշխատանք  տանելու դեպքում գործը կբացահայտվի, իսկ այդ ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը և դատավոր Էդիկ Ավետիսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Դատախազության շենքի մոտ բնակիչները իրենց խնդրանքը ներկայացրել են ՀՔԾ   պետ Անդրանիկ Միրզոյանին: Վերջինս վստահեցրել է, որ կնիքը պահել է իր սեյֆում և չի տա ոչ մեկին: Իսկ այն հարցին, թե երբ կլուծվի իրենց բնակարանների հարցը, Միրզոյանը պատասխանել է. «Սա գործ է, որտեղ 500 տուժող կա: Քննությունը գնում է: Կարող է տևել մի ամիս, երեք ամիս, վեց ամիս: Ես չեմ կարող ասել` երբ  կլուծվի հարցը»:

Միզոյանից օգնություն են  խնդրել նաև «Գապբնբակշինի» աշխատակիցները, ովքեր  աշխատավարձ չեն ստացել արդեն 1 տարի: Միրզոյանը ասել է, որ ««Գապբնակշինը» կարող է ձեր փողը և չտալ», «գործը գտնվում է դատարանում»:

«Եթե նման բարձրաստիճան պաշտոնյան ասում է` դե կարող է և չտալ, էլ ինչ ակնկալենք: Ես իմ տունը դրել եմ գրավ, հույսով, որ իմ աշխատավարձը կտան: Հիմա ինձ տնից կհանեն: Ես գրանցված աշխատող եմ, ինչպես  կարող են իմ 1,5 միլիոն դրամը, որդուս 1,2 միլիոն աշխատավարձը չտալ», –  մեզ հետ  զրույցում ասել է «Գապբնակշինի» գաջագործ Սամվել Զաքարյանը: