Home / Հայաստան / ՀՀԿ-ն կշարունակի աջակցել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանների դեմ պայքարող գեներալ Սարոյանին

ՀՀԿ-ն կշարունակի աջակցել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանների դեմ պայքարող գեներալ Սարոյանին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև  թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի դիմումը, ով խնդրել է ստուգել նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի (նկարում) ներկայացված տեղեկանքի իսկությունը, համաձայն որի նա վերջին  5 տարում  բնակվել է Հայաստանում: Հակոբյանի դիմումը ԿԸՀ-ն մերժել է:

Նշենք, որ 19-րդ ընտրատարածքում առաջադրված են երկու Հակոբ Հակոբյաններ (մյուսը` Հակոբ Վարշամի Հակոբյան), երկուսն էլ 49 տարեկան են ու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, սակայն այդ ընտրատարածքում ՀՀԿ սատարում է հենց Սեդրակ Սարոյանին, որը փաստորեն կմնա ընտրապայքարում և կշարունակի ստանալ Հանրապետական կուսակցության աջակցությունը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առնչությամբ ասել է, որ, իր կարծիքով, ձևավորվում է անհասկանալի մի ավանդույթ, համաձայն որի քաղաքացիները  փորձ են կատարում մի քանի անգամ  նույն դիմումները նույն բովանդակությամբ ներկայացնել ԿԸՀ:

«Այս դիմումի պարագայում տեղեկացնեմ, որ այն ստացվել է մարտի 28-ին` դիմումը, որին կից ներկայացված են եղել մի շարք փաստաթղթեր: Նախորդ նիստերի ժամանակ մենք առիթ ունեցանք նշված քաղաքացու կողմից ներկայացված  դիմումի քննություն կազմակերպել և ուղղակի նշեմ, որ այդ դիմումը վերաբերում է ԸԸՀ-ի գործառույթներին»,- ասել է Մուկուչյանը:

Նրա խոսքով` դիմումը քննվել է և վերահասցեագրվել է թիվ 19 ԸԸՀ և ոստիկանության անձնագրային և վիազների վարչություն, որտեղից պատասխան է ստացվել, համաձայն որի Սեդրակ Սարոյանը վերջին 5 տարում բնակվել է Հայաստանում:

Լուսանկարը` hetq.am