Home / Հայաստան / Մաշտոցի պուրակի ակտիվիստներից պահանջում են «զերծ մնալ հակաիրավական գործողություններից»

Մաշտոցի պուրակի ակտիվիստներից պահանջում են «զերծ մնալ հակաիրավական գործողություններից»

ՀՀ ոստիկանությունն այսօր տարածած հայտարարությամբ զգուշացրել է Մաշտոցի պուրակում 1,5 ամիս բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներին, որ վերջիններիս  մարտի 31-ին նախատեսված գործողությունները չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ:

Հիշեցնենք, որ ակտիվիստները պատրաստվում են մարտի 31-ին սեփական ջանքերով ապամոնտաժել պուրակում տեղադրված տաղավարները, ինչի մասին նրանք նամակով տեղեկացրել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

«Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման: Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից», – ասված է ոստիկանության հայտարարության մեջ: