Home / Հայաստան / Պատգամավորը սպասում է, որ իրավապահներն արձագանքեն իրեն հայհոյած մարզպետի գործողություններին

Պատգամավորը սպասում է, որ իրավապահներն արձագանքեն իրեն հայհոյած մարզպետի գործողություններին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ,  ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը խուլիգան է և երեկ Սյունիքի մարզում հերթական խուլիգանական վարքագիծն է ցուցադրել: Այս մասին  Epress.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը և նշել է, որ մարզպետն ամեն կերպ խոչընդոտում է Սյունիքի մարզում «Ժառանգության»  մարզային նախընտրական շտաբ հիմնելուն:

«Երեկ առավոտյան Գորիսում բացված նախընտրական շտաբը նրա ճնշումների ու սպառնալիքների տակ այսօր փակվել է: Մարզպետը այնպես է ճնշել ու ահաբեկել տարածքի սեփականատիրոջը, որ այդ մարդիկ հրաժարնել են տարածքը տրամադրել «Ժառանգություն» կուսակցությանը: Նրանք՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների  այսօր մեզ խնդրել են վերադարձնել տարածքի բանալիները ու վերցնել կուսակցության  ցուցապաստառները», – նշել է Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով` մարզպետը հսկողությունն է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ում հետ ինքը հանդիպումներ է ունենում:

«Ամբողջ ընթացքում տարբեր մեքենաներ հետևել են ինձ ու գրանցել, թե ում հետ եմ հանդիպել ու որտեղ են բացվել մեր գրասենյակները: Մարզպետը փորձում է իր բոլոր լծակներով ճնշել  ու ահաբեկել այդ մարդկանց, նրանց բարեկամներին՝ յուրաքանչյուրին իր ձևով», – պատմել է Փոստանջյանը և ընդգծել, որ  ինքը զանգել է  Սուրիկ Խաչատրյանին, սակայն պարզաբանում ստանալու փոխարեն արժանացել է հայոյանքների:

«Երեկոյան զանգեցի մարզպետին և ասացի, որ խնդիր է առաջացել, և մեզ ասում են, որ խնդրի առաջացման աղբյուրը դուք եք, նա լսեց ու սկսեց հայհոյել», – ասել է Փոստանջյանն ու ավելացրել, որ Ժառանգություն կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաև ԿԸՀ և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա և պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:

«Սպասում ենք` ՀՀ իրավապահ մարմինները համապատասխան արձագանք տան խուլիգան մարզպետի կողմից իրականացվող բոլոր  գործողություններին», – եզրափակել է Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մի քանի ամիս առաջ հայտնվել էր սկանդալային պատմության մեջ, երբ «Մարիոթ» հյուրանոցում հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: ՀՀԿ-ական գործարան իր այդ արարքի համար չպատժվեց: Նախաքննությունը եկել է այն եզրակացության, որ մարզպետի արարքն իր մեջ չի պարունակում ծեծի հատկանիշներ՝ իր «եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է  ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»: